168.am-ը գրում է․

«Ռուսաստանում Քաղաքային դումայի պատգամավորն է գործողություն արել, այստեղ՝ մի երիտասարդ: Ռուսաստանում տեղի ունեցածը քաղաքական էր, և պետք է Հայաստանի իշխանությունները երկխոսություն սկսեին ռուսական իշխանությունների հետ՝ հատկապես հաշվի առնելով, որ Գարեգին Նժդեհի թեման որոշ շրջանակների, նաև՝ մեր հակառակորդի կողմից շահարկվում է, և փորձում են հայ-ռուսական հարաբերությունները վատացնել»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով Երևանի Օղակաձև այգում տեղադրված՝ ռուս  դիվանագետ, գրող, հայ ժողովրդի մեծ բարեկամ  Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստին:

Նա ասաց, որ չի ողջունում Հայաստանում տեղի ունեցած միջադեպը. «Ամեն գործողություն պետք է նայես՝ ինչ հետևանք կարող է ունենալ և ինչ արդյունք կարող է տալ: Այստեղ դրական որևէ բան չկար: Վարվել այնպես, ինչպես իրենք են վարվել, ճիշտ չէ: Արարքները պետք է այնպես լինեն, որ դու հաղթաթուղթ ունենաս քո ձեռքին, շահող դերում լինես: Վստահ եմ, որ սա շահարկման թեմա կդառնա: Արդեն առավոտից ադրբեջանական մամուլում այդ ցնծությունը կար, հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում էին դիտում, և այլն: Պետք է ուղղակի ուշադիր լինել»:

Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհի անունը վերջին շրջանում շահարկելուն, Արթուր Եղիազարյանն ընդգծեց. «Նժդեհը միակ մարդն է եղել, որ հաղթել է Սովետական Ռուսաստանին: Նժդեհը միակ մարդն է եղել, որն իր պայմանները թելադրել է, խորհրդային իշխանություններն ընդունել են՝ 1921թ., երբ նա համաձայնեց զենքը վայր դնել, հեռանալ, եթե Զանգեզուրը ճանաչվի Խորհրդային Հայաստանի մաս: Եվ կարող է՝ ինչ-որ շրջանակներ նաև սա են ցավոտ տանում, որովհետև, ամեն դեպքում, կայսերական մտածողության շրջանակները նման կերպարների մեջ վտանգ են տեսնում, քանի որ այդ կերպարներով սնվում են այն ժողովուրդները, որոնք կրում են նման հերոսներ: Ադրբեջանը սա խաղարկում է, որովհետև հավակնություններ ունի ՀՀ-ի հանդեպ, դրա համար ես չեմ ընդունում այս միակողմանի խաղաղասիրության քարոզը, երբ մեր հակառակորդը լրիվ այլ բան է ասում՝ Երևանն է համարում իրենը, թյուրքալեզու պետությունների հավաքին նորից խոսվեց, որ թուրքական աշխարհը բաժանում է Սյունիքը, Զանգեզուրը»:

Անդրադառնալով կարծիքներին, թե Գրիբոյեդովի արձանի հետ կապված միջադեպն ապացուցում է, որ դպրոցներում և բուհերում Հայոց պատմություն առարկայի դասավանդման մակարդակն անբավարար է, և սխալ է բուհերին ինքնավարություն տալ՝ հայագիտական առարկաների առումով, նա հետևյալն ասաց. «Մեզ պետք չեն լավ մաթեմատիկոսներ և ֆիզիկոսներ, որոնք ուղղակի բուհում լավ սովորում են, լավ ֆիզիկոս են դառնում, բայց օրգանապես կապված չեն իրենց հայրենիքի հետ, և վաղը մեկ լավ առաջարկի դեպքում կհեռանան Հայաստանից: Մեզ պետք է ոչ թե ֆիզիկոս, այլ հայ ֆիզիկոս, որը մտածի իր երկրի մասին: Լեզուն և պատմությունը միայն գիտելիքի հետ չեն կապված, այլ մտածողության, մարդն իրեն զգում է օրգանապես կապված այդ հանրույթի հետ»:

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի աշխատանքի մասին հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ ինքը եղել է առաջնագծում, տարբեր խնդիրներ տեսել է, բայց երբ հիմա քննում են, ըստ նրա՝ պետք է ճիշտ հասկանալ, թե ինչ են ուզում պարզել. «Ես չեմ ուզենա, որ այս թեման դառնա քաղաքական  շահարկման, սա ուղղակի մեզ է պետք՝ ավելի լավ բանակ ունենալու համար: Եվ ուղղակի այստեղ պետք է ներգրավել մարդկանց, որոնք բանակը ճանաչում են ներսից, բանակի խնդիրները կարողանում են ամբողջությամբ հասկանալ, նաև զինվորականի գործը պետք է հասկանան»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել