Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը իշխանությունների կողմից ՍԴ-ն վերցնելու, դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելու ծրագրի հերթական արարն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Ըստ նրա՝ հասկանալով, որ այդ նպատակի կատարման այլ հնարավորություն չունեն, իշխանությունները փորձում են կամավոր հնարավորություն տալ՝ հավանաբար մտածելով, որ հնարավոր կլինի այս ճանապարհներով վերահսկել դատավորներին:

«Նախագծում հակասություններ կան կառավարության մոտեցումների միջև, որովհետև մի կողմից նրանք փորձում են խթանել, այսպես կոչված, բարեվարքությունը, բայց դատավորներին անում են այնպիսի առաջարկ, որն ընդունելը, ինքնին, բարեվարքության խախտում է։ Մյուս կողմից արժանապատիվ հեռանալու մասին են խոսում, բայց անում են առաջարկ, որն ընդունելը, ինքնին, արժանապատիվ համարվել չի կարող»,-ասաց Մելիքյանը:

Անդրադառնալով հարցին, թե միջազգային հարթակներում նմանատիպ ինչպիսի՞ փորձ կա, իրավաբանն ասաց, թե այս նախագիծը բացառիկ է իր բնույթով: «Ես տեսել եմ նախագծեր, որտեղ օրենքով փորձ է կատարվել իջեցնել ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը, այսինքն՝ օրենքով սահմանել կենսաթոշակի անցնելու ավելի վաղ տարիք, տեսել եմ նախագծեր, որտեղ փորձ է արվում վերցնել ՍԴ-ն՝ ՍԴ դատավորների քանակն ավելացնելով, բայց այսպիսի նախագիծ ես չեմ տեսել, և կարծում եմ՝ այն մարդիկ, որոնք ասում են՝ շատ երկրների փորձ կա, ուղղակի չեն կարող ներկայացնել այս մոդելի կիրառման որևէ օրինակ»,- պարզաբանեց Մելիքյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել