Apple ամերիկյան ընկերությունը դեկտեմբերի 2-ին հրապարակել Է այն հավելվածների ցուցակը, որոնք ընթացիկ տարում ավելի հաճախ են ներբեռնել iPhone սմարթֆոնների տերերը:

Անվճար հավելվածների վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել Է YouTube տեսածառայությունը: Երկրորդ դիրքում Instagram հավելվածն Է, երրորդում՝ հաղորդագրությունների փոխանակման Snapchat ծառայությունը: Առաջին հնգյակը եզրափակում են կարճ տեսահոլովակների ստեղծման եւ դիտման TikTok հարթակը եւ հաղորդագրությունների փոխանակման Messenger հավելվածը:

iPhone-ի համար վճարովի ծրագրերի ցուցակում, որոնք ամենից հաճախ են ներբեռնվել, առաջին տեղն զբաղեցրել Է Facetune ծառայությունը: Այն նախատեսված Է այն լուսանկարների խմբագրման համար, որոնք արվել են շարժական հեռախոսի օգնությամբ: Ամենատարածված անվճար խաղ Է ճանաչվել Mario Kart Tour-ը: iPhone-ի համար վճարովի խաղերի վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել Է Minecraft-ը: Apple-ը նաեւ ներկայացրել Է այն հավելվածների վարկանիշը, որոնք, փորձագետների կարծիքով, առավել հաջողվածներն են եղել ընթացիկ տարում: iPhone սմարթֆոնների համար դա Spectre Camera ծառայությունն Է, որը նախատեսված Է ֆոտոնկարահանումների համար: iPad պլանշետային համակարգիչների համար ամենահաջողն Է ճանաչվել Moleskine հավելվածը, որը կատարում Է բլոկնոտի եւ նկարչական ալբոմի գործառույթներ:

Ինչպես նշում Է 9to5Mac ճյուղային պորտալը, տարվա լավագույն հավելվածները նշվել են մշակողների հետ Apple-ի աշխատակիցների՝ դեկտեմբերի 2-ին Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո: Ավելի վաղ մի քանի ԶԼՄ-ներ հայտնել Էին, որ ընկերությունն այդ օրը կանցկացնի շնորհանդես՝ նվիրված ծրագրային ապահովմանը: Ինչպես արձանագրում Է 9to5Mac-ը, դա չափազանցություն Է եղել: Apple-ը նոր սարքեր կամ հավելվածներ չի ներկայացրել: 1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն Է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում Է մոտավորապես 1,2 տրլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել