Hraparak.am-ը գրում է.

Երեւանի ընդհանուր իրավասության դատարի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը։ Այսօրվա նիստին ամբաստանյալներից Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ սահմանահատումների արգելանքը վերացնելու վերաբերյալ։

«Սահմանահատումների արգելանքի մասին առկա փաստաթուղթ չկա։ Հիմք սահմահատումների արգելքի վերաբերյալ չեն տրամադրում,որովհետեւ այդպիսի հիմք օբյեկտիվորեն գոյություն ունենալ չի կարող։ Պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն՝ անօրինական կարգով արգելք են սահմանել Խաչատուրովի սահմանահատումների վերաբերյալ։ Ես դատարանին միջնորդում են վերացնել ազատ տեղաշարժի վերաբերյալ իրավունքի խախտումը եւ սահմանահատումների արգելքը»։

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը։

Մեղադրողներից Պետրոս Պետրոսյանը միջնորդության վերաբերյալ ասաց, որ այն չպետք է քննարկվի․ «Վարույթի շրջանակում, դատաքննության ընթացքում մեզ տեղեկություններ չեն հասել, որ սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգում կիրառվել է արգելք։ Այս միջնորդությունը անհիմն է, խնդրում ենք՝ այն թողնել առանց քննության»։

Յուրի Խաչատուրովն իր հերթին ասաց, որ, երբ փորձել է մեկնել հոր, մոր եւ եղբոր շիրիմներին, հայ-վրացական սահմանին իրեն թույլ չեն տվել։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը, տեղում խորհրդակցելով, որոշեց մերժել միջնորդությունը․

«Օրենքով սահմանված է, որ մեղադրյաը չպետք  է մեկնի այլ տեղանք առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության։ Սահմանահատումների վերաբերյալ արգելք կիրառված չէ։ Միջնորդության պահանջն առարկայազուրկ է։ Որոշումը չի կարող բավարարվել, որոշվեց այն մերժել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել