Tert.am-ը գրում է.

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը Tert.am-ի զրուցում ասում է, որ երկիրն այսօր հասել է այն կետին, երբ այլևս առանց քաղաքական լուծումների իրավիճակ շտկել հնարավոր չէ։ Ըստ նրա՝ սոլիդ իշխանության գաղափարն այլընտրանք չունի, բայց այդ գաղափարը պահանջում է տեխնոլոգիական լուծումներ։ Նա նաև նշում է, որ երկրում տիրող իրավիճակը մոտ է պետական ճգնաժամին, իսկ կուտակվող պրոբլեմների զանգվածը մի օր լուծում է պահանջելու, չի բացառվում՝ նաև առաջարկելու։

-Պարո՛ն Հովհաննիսյան կա ընկալում, որ այս իշխանությունը ժամանակավոր է ու անսպասելի է հեռանալու: Այդ մասին խոսել է նաև Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը և որպես պատճառ, թիվ 1 լակմուս նշել է՝ որոշում ընդունելու անկարողությունը: 

-Ցանկացած գործող իշխանության մասին կանխատեսումներ անելիս մեծ է ռիսկը՝ հայտնվել ծուղակում։ Այստեղ իսկապես կարող են խառնվել թե՛ սուբյեկտիվիզմը, թե՛ անհատական ցանկությունները, թե՛ այլ գործոններ։ Հայաստանի պատմության մեջ  նման երևույթի մենք հաճախ ենք հանդիպել։ Նման բան թույլ չտալու համար, չափազանց կարևոր է իրավիճակի ռեալ, հնարավորինս ստույգ և սառը գնահատականը։ Սա՛ է միակ ճանապարհը ճիշտ որոշումներ կայացնելու, ճիշտ առաջ շարժվելու համար։ Իմ գնահատականով՝  Հայաստանն այսօր գտնվում է պրոբլեմների ինտենսիվ կուտակման փուլում։ Մենք ունեինք պրոբլեմների լուրջ բազա, դրանց ավելացել են 1.5 տարում թույլ տրված և թույլ տրվող սխալների հետևանքով նորերը, և դրանց գումարվում են ոչ մեր կամքից  կախված՝ նոր տիպի խնդիրներ։ Սա լուրջ մարտահրավեր կարող է լինել ցանկացած իշխանության համար, նույնիսկ՝ ամենաաշխատող ու ամենագրագետ։ Իսկ այս որակներին դժվար համապատասխանող իշխանության համար սա ուղղակի լինել-չլինելու խնդիր է։ Մյուս կողմից՝ 28 տարվա մեր պատմությունը ցույց է տալիս, որ իշխանությունները հենց այնպես չեն փոխվում, դա հեշտ գործ չէ, յուրաքանչյուր իշխանություն վստահ է, որ ինքն ամենալավն է, և հետևաբար իր համար սահմանում է մոտիվացիա՝ այն պահել հնարավորինս երկար։ Մանիպուլյատիվ տեխնոլոգիաները և նախորդ փուլերի հանրային նստվածքն այդ գործը հեշտացնում են։ Բայց դա անվերջ չէ։ Ոչինչ էլ չանես՝ միևնույն է, կուտակվող պրոբլեմների զանգվածը մի օր լուծում է պահանջելու, չի բացառվում՝ նաև առաջարկելու։ Բայց այդ դեպքում մենք կունենանք պատահական լուծում, որը չի երաշխավորելու ավելի լավը։ Շատ ավելի ճիշտ կլինի, և պետության հանդեպ շատ ավելի պատասխանատու՝ գործող իշխանությանը իրական այլընտրանք ձևավորելը։ Այնպիսի մի բևեռ, որը ցույց կտա առկա իրականությանը այլընտրանքային լուծումներ, կներկայացնի երկրի զարգացման գրագետ ծրագրեր, օրվա ռեժիմով կարձանագրի թույլ տրվող սխալները և դրանց ռիսկերը։ Այս աշխատանքի համար հանրային տրամադրությունների ֆոնը միանգամայն դրական է. հասարակությունը սկսում է խելոք, գրագետ և բարեկիրթ խոսք պահանջել։ Տրենդը արդեն սա է։

-Արդյո՞ք այդ անկարողության մասին չեն խոսում փաստերը, որ Ամուլսարի հարցը հետաձգվում է անընդհատ, Ստամբուլյան կոնվենցիան ևս, ի՞նչ հարց է այդ կերպ լուծում իշխանությունը: 

-Շատ հետաքրքիր միտում կա, թվում է թե՝ իրարամերժ, բայց իրականում նույն արմատն ունի։ Ամուլսարով մենք ունենք լուրջ խնդիր, որը գոյացել է չաշխատելու, չգործելու պատճառով։ Քաղաքային կառավարման մեջ մենք ունենք դարձյալ լուրջ  խնդիր, որը սակայն գոյացել է հակառակը՝ գործելու, աշխատելու պատճառով։ Երկու դեպքում էլ ունենք լուրջ ճգնաժամ, որը փոքր պետությունների դեպքում մոտ է պետական ճգնաժամի բնորոշմանը։ Անգործությունը և գրագետ աշխատելու անկարողությունը բերում են նույն կետին՝ սուր պրոբլեմ։ Հիմա պատկերացրեք, որ այդպես կարող է լինել ոչ թե երկու օրինակով, այլ տասնյակ՝ տնտեսությունից, քաղաքային կառավարումից մինչև բյուջետային պլանավորում և դիվանագիտություն։ Սա այն է, ինչի մասին ես ասացի նախորդ հարցում՝ պրոբլեմների ինտենսիվ կուտակման ժամանակահատված։ Ի՞նչ անել։ Ամենայն հավանականությամբ մենք հասել ենք այն կետին, երբ այլևս առանց քաղաքական լուծումների իրավիճակ շտկել հնարավոր չէ։ Սոլիդ իշխանության գաղափարն այլընտրանք չունի, բայց այդ գաղափարը պահանջում է տեխնոլոգիական լուծումներ։ Սա այն լուծումն է, որը պահանջում է իշխանությունից դուրս և իշխանության մեջ գտնվող սոլիդ անհատների և շրջանակների ջանքերի համատեղում։ Ի դեպ, տեսականորեն, իշխանությունն ունի հնարավորություն՝ ինքը սկսելու իշխանության սոլիդացման գործընթացը։ Թե ի՞նչ կլինի, ես հիմա դժվարանում եմ ասել։ Այս պահին հայաստանյան իրականությունը հակված է շոկերի։ Տարբեր տեսակի, տարբեր ուժգնության և տարբեր ծագման։ Պարադոքս է, բայց իշխանությունը թե՛ իր անգործությամբ, թե՛ իր գործունեությամբ  բերում է շոկերի։ Աշխատավարձերի գաղտնի  բարձրացում, «ԿամԱԶ»–ների գաղտնի նվիրատվություններ, մեկ անձից գնման ծավալվող պրակտիկա և այլն. սրանք  սեփական գործունեությամբ պայմանավորված շոկեր են։ Կան անգործությամբ պայմանավորված շոկեր, կան հնարավոր ֆինանսական շոկեր՝ սպառողական վարկերի կտրուկ աճ, որը կարող է շատ անկանխատեսելի սցենարների բերել, կա արտաքին շոկերի հնարավորություն, կան այս պահին անկանխատեսելի շոկեր։ Գրագետ մարդկանց, իրենց մեջ պատասխանատվություն զգացող մարդկանց խնդիրն է՝ անել ամեն ինչ այդ շոկերի հնարավորությունը նվազեցնելու համար։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել