168.am-ը գրում է․

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

– Երևանի քաղաքապետարանին նվիրված «Կամազ»-ների թեման շարունակում է մնալ հասարակական և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո նվիրատվությունների վերաբերյալ Ձեր դիրքորոշումը փոխվե՞ց։

– Դիրքորոշման փոփոխություն չեղավ երկու պատճառով. Նախ՝ մենք ակնհայտորեն խոսել ենք փաստերով, իսկ երկրորդ՝ այդ ուղիղ եթերի բովանդակությունից հետո հասկացանք, որ խնդիրը շատ ավելի խորն է, իսկ պարոն Մարությանը փորձում է ստել, մանիպուլյացնել, իսկ դա նշանակում է՝ թաքցնելու բան ունի։

 Իսկ ինչո՞ւ Հայկ Մարությանը «Կամազ»-ների մասին որոշեց պատմել ֆեյսբուքյան ուղիղ եթերով, և ոչ, ասենք, մամուլի ասուլիսով, ինչպես արեց իր խոսնակ Հակոբ Կարապետյանը։

 Որովհետև քաղաքապետն ու ավագանին չունեն բավարար կարողություններ, որ պարզ և թափանցիկ խոսեն մեդիայի հետ. նրանք միշտ խուսափել են խոսել մեդիայի հետ, ընտրել են իրենց գործընկեր մեդիաներին, որպեսզի իրենց չտան վատ հարցեր, և իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից։

– Երևանին այս ընթացակարգով «Կամազ»-ներ նվիրելն իր մեջ կոռուպցիոն ռիսկ պարունակո՞ւմ է։

– Այո՛, մենք կասկածներ ունենք, որ այդ նվիրատվությունը պարունակում է կոռուպցիոն ռիսկ։ Նախահեղափոխական Հայաստանի գլխավոր խնդիրը քաղաքական կոռուպցիան էր. դա այն էր, երբ քաղաքական էլիտան պայմանավորվածությունների մեջ էր մտնում օլիգարխների և ձեռնարկատերերի հետ, իսկ դա ստեղծում էր անվստահություն։ Հիմա, եթե այդ ձեռնարկատերերը կարողանային օրինական ճանապարհով ձեռք բերել այդ շինթույլտվությունները, նրանք այդ նվիրատվություններն անելու կարիք չէին ունենա։ Տրամաբանական չէ՞ նվեր տալ մի բանի համար, որը կարող ես ձեռք բերել օրինական ճանապարհով։

– «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Երևանի քաղաքապետարանի քայլը՝ տարբեր ընկերություններից որպես նվիրատվություն «Կամազ»-ներ ընդունելը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերից զերծ չի համարել, սակայն նշել է, որ սա չի նշանակում, որ անպայման կոռուպցիոն երևույթի հետ գործ ունենք։

– Պարոն Հոկտանյանի այս արձագանքը ողջամիտ է, հավանաբար, նա նաև հիշում է, թե ինչպես էինք մենք 2017 թվականին խոսում այն մասին, որ «Երևան» հիմնադրամին գումարներ նվիրաբերող մարդկանց տալիս էին շինթույլտվություններ և արտոնություններ։

Հիմա էլ իրավիճակը նույնն է. այս մարդիկ Երևանին գումար չեն տալիս, բայց դրա դիմաց ստանում են շինթույլտվություններ։

 Պե՞տք է արդյոք իրավապահ մարմիններն ուսումնասիրեն այս նվիրատվության գործընթացը։

 Այո՛։ Դատախազությունն արդեն հայտարարել է, որ այս նվիրատվություննրը դարձրել է քննության նյութ, իսկ մենք էլ կօգնենք, կօժանդակենք նրանց այն նյութերով, որոնք մեր ձեռքի տակ ունենք։

– Ի դեպ, Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Արայիկ Հարությունյանի՝ ավագանու անդամ եղած ժամանակ տված մի հարցազրույց, որտեղ Հարությունյանն ասում է. «Մարդիկ շինարարության կամ սեփականաշնորհման հետ կապված խնդրիրներ են ունենում, այդ մարդկանց հորդորում են, ասում են, որ «Երևան» հիմնադրամին որոշակի գումարներ փոխանցեն. սա մտահոգություն է առաջացնում, որովհետև սա կարող է փաստացի լուրջ կոռուպցիոն սխեմա ներկայացնել». այն, ինչի մասին ի հայտ եկավ այս օրերին՝ Հարությունյանի նկարագրածին նմա՞ն է։

 Սա քաղաքական կոռուպցիա է, սա նույն բանն է։ Երբ իշխող էլիտան գնում է առևտրի ձեռնարկատերերի հետ, իսկ այն, ինչ կատարվել է, եղել է առևտուր, դա քաղաքական կոռուպցիա է։ Առևտուր է եղել. մի բանի դիմաց տրվել է մեկ այլ բան։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել