168.am-ը գրում է․

168.TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրն է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը

– Պարո՛ն Մամիջանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրն Արցախում էր. նա հանդիպել է Արցախի 2020 թ. ընտրություններին իրենց թեկնածություններն առաջադրած ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Արդյոք դա միջամտություն չէ՞ր Արցախի ներքին գործերին։

– Ես այստեղ շատ մեծ խնդիր եմ տեսնում. թեկնածուների զգալի մասն ավելի շատ պայքարում էր ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինայանի սրտի, քան Արցախի քաղաքացիների համար։

– Ո՞ւմ եք ակնարկում։

– Ակնարկում եմ բոլոր այն մարդկանց, որոնք այդպես են վարվում։ Ես, ի տարբերություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, չեմ ցանկանում այդ գործընթացի հետ կապված որևէ ազդեցություն ունենալ, որովհետև մենք միշտ հպարտացել ենք Արցախի ժողովրդավարությամբ, թափանցիկ և արդար իրականացող ընտրություններով: Բոլոր նրանց համար, ովքեր մտածում էին, որ Արցախը կարող է երբևէ Ադրբեջանի կազմում հայտնվել, մենք միշտ ներկայացնում էինք, որ՝ տեսեք, թե դուք ժողովրդավարության մոդելի հասած երկիրն ուր եք ուզում տանել: Մյուս կողմից՝ գնալ և Արցախում քաղաքական հայտարարություններ անել, տգեղ և վիրավորական ոճով խոսել Արցախի ընտրված իշխանության հետ… սրանք ժանրի կանոնների մեջ տեղավորվող աբսուրդներ են, որոնք գործող վարչախումբը հաճախ օգտագործում է։

– Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել 2020թ. նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրված Վիտալի Բալասանյանի հետ։ Ինչո՞ւ։

– Քանի որ չգիտեմ հրավերի ֆորմատը, չգիտեմ` որ կողմն է ցանկացել, և որ կողմը չի ցանկացել հանդիպել, կսպասեմ: Վստահ չեմ, որ ամեն ինչ կախված էր վարչապետի հրավիրելուց, որովհետև խոսքը մի մարդու մասին է, որն իր վաստակով իրավունք ունի ոչ բոլոր հրավերներն ընդունելու, սակայն կրկնում եմ՝ տեղեկատվություն չունեմ։

– Արդյո՞ք վարչապետը հավասարության սկզբունքով բոլոր թեկնածուների հետ չհանդիպելով՝ նրանց մեջ լրացուցիչ լարվածություն չի ստեղծի։

– Քանի որ նույն օրը տեղի են ունենալու նախագահի և ԱԺ ընտրություններ, պարզ է, որ դա մեկ աթոռի ընտրություն չէ, և հաշվի առնելով ուժերի դասավորությունը՝ շատ կարևոր է, թե խորհրդարանում որ կուսակցությունն ինչպիսի դերակատարում կունենա: Երկրորդ՝ եթե ՀՀ-ում մենք կարող ենք մեզ ճոխություն թույլ տալ, ապա Արցախում դա անել չենք կարող։

– Իսկ ի՞նչն եք ճոխություն համարում Հայաստանի համար։

– Դե, մենք Անվտանգության խորհրդի մի քարտուղար ունենք, որը թեպետ Արցախից է, բայց Արցախի մասին չի խոսում, ունենք մի վարչապետ, որը միջազգային հարթակներն օգտագործում է Գանդիի հետ համեմատվելու համար… էլ ո՞րը նշեմ։

– Ի դեպ՝ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կիրակի օրն իր հարցազրույցում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ նշելով, որ առնվազն ծիծաղելի է, երբ Ս. Սարգսյանը Զագրեբից խոսել է վտանգված ժողովրդավարության մասին։

– Ծիծաղելի է այն, որ Արմեն Գրիգորյանը մոտ մեկ ամիս առաջ ամուսնացավ Արցախում, և հիմա ծիծաղելի է, որ այն հողում, որտեղ Սերժ Սարգսյանն ու իր զինակից ընկերներն արել են հերոսություններ, այդ հողում նա հարսանիք էր անում և ուրախանում էր։ Անուշ թող լինի կերած-խմածները, հուսամ, որ, երբ պարում էին իրենց սիրելի «դուխով»-ի տակ, կամ, օրինակ, քառասուն անգամ խմում Նիկոլ Փաշինյանի կենացը, հիշում էին՝ հա, բայց էս տարածքներն այդ մարդիկ են ազատագրել։

– Սակայն Արմեն Գրիգորյանի մոտ այլ բան էր ծիծաղ առաջացրել, նա նշել է. «10 տարի և ավելի ՀՀ-ի ժողովրդավարական ինստիտուտներն ապականած՝ ընտրական ինստիտուտները խարխլած, ընտրական կոռուպցիա կազմակերպած քաղաքական գործչի կողմից լսել, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը վտանգված է, առնվազն ծիծաղելի է»։

– Իհարկե՛, ծիծաղելի է պարոն Գրիգորյանի համար, իսկ հավանական է, որ անհասկանալի է, որ մենք, ունենալով սահմանափակ միջազգային հարթակներ և առանց մանդատի ներկա լինելով շատ միջոցառումների, որոնց, ի դեպ, իրենք չեն հրավիրվում, հատկացված 3 րոպեի զգալի մասը նվիրում ենք նրան, որ ևս մեկ անգամ բարձրաձայնենք՝ Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ ինքը, որ ի պաշտոնե դա պետք է անի, չի անում։ Ես անհամբեր սպասում եմ, ի վերջո, այդ տղան մի որևէ միջազգային ելույթ կունենա՞, որտեղ կխոսի Արցախից։

 Այս օրերին շատ է խոսվում Երևանի քաղաքապետարանին նվիրաբերված «Կամազ»-ների մասին, քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանումներ ներկայացրեց: Դրանք համոզի՞չ էին։

– Իզուր ներկայացրեց, որովհետև իր ներկայացրած փաստաթղթերից մեկի սեփականատերն է Վարդան Ֆելիքսի Ցոլակյանը, դե, երևի նա կապ ունի նախարար Ցոլակյանի հետ, մյուս փաստաթղթով մեկ այլ կազմակերպության սեփականատերն է Էմիլ Եղիազարյանը: Այս անուն-ազգանունը որևէ բան չի ասում, եթե չիմանանք, որ դա Իջևանի գինու և կոնյակի գործարանի սեփականատերն է, ով նաև Սիփան Փաշինյանի մոտ ընկերն է: Իսկ այս պատմության գագաթնակետն «Էյ Ջի Գրուպն» է. այս կազմակերպությունը թեև սնանկ է, բայց շինթույլտվություն է ստացել։

Բայց ես ևս մեկ սյուրպրիզ ունեմ՝ ես ունեմ մի փաստաթուղթ, որով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները նոյեմբերի 27-ին պարգևավճարներ են ստացել. այդ ցանկում կան բոլոր փոխքաղաքապետերը և քաղաքի 18 վարչության պետերից միայն 8-ը, ընդ որում՝ յուրայինները։ Փոխքաղաքապետերը ստացել են 420.000-ական դրամ պարգևավճար: Պարգևավճարի ընդհանուր ֆոնդը կազմում է 4.8 միլիոն դրամ։

Հարացազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել