168.am-ը գրում է.

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նոյեմբերի 26-ին Երևանի ավագանու նիստի  ժամանակ հանդես եկավ հանցագործության մասին հաղորդմամբ, որով տեղեկացրեց, որ քաղաքապետը և նրա տեղակալը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես՝ քաղաքապետի լիազորությունները դնելով այն տեղակալի վրա, ով ավագանու անդամ չէ և, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ իրավասու չէ կատարելու քաղաքապետի լիազորությունները: Նա տեղեկացրեց նաև, որ կեղծվել է այն փաստաթուղթը, որով լիազորությունները դրվել են քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի վրա, և մատնանշեց Քրեական օրենսգրքի 309 հոդվածը, այն է՝ պաշտոնական լիազորություններն անցնելը:

168.am-ը դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պարզելու համար, թե դատախազությունն արդյո՞ք այս հայտարարությունների վերաբերյալ ուսումնասիրություն սկսել է, ու ի՞նչ արդյունքներ կան:

«Քաղաքապետարանից պահանջվել են նշված գործընթացներին առնչվող բոլոր փաստաթղթերը, որոնց շրջանակներում ուսումնասիրության առարկա կդառնա նաև նշված հանգամանքը»,- ի պատասխան մեր հարցի՝ ժամեր անց ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Մեր այն հարցին, թե «Կամազների» նվիրատվության հարցով դատախազությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել արդեն, քանի որ հայտարարվել էր, թե ուսումնասիրություն է սկսվել, դատախազության պաշտոնյան ասաց, որ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել