Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը համաձայնության է եկել 16 մլրդ իենով (գրեթե 146 մլն դոլար) երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Կագոսիմա պրեֆերտուրայի Մագե անմարդաբնակ կղզին գնելու շուրջ, որտեղ օբյեկտ է կառուցվելու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիրներից տախտակամածային ինքնաթիռների զանգվածային զորավարժություններ անցկացնելու համար: Այդ մասին դեկտեմբերի 2-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում պաշտոնապես հայտնել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: «Նման մշտական օբյեկտի ստեղծումը շատ կարեւոր է անվտանգության ապահովման տեսակետից,-ասել է նա:-Ցանկալի կլիներ արագորեն ձեռնամուխ լինել դրա սարքավորմանը»:
Կղզու գնման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Տոկիոյի մասնավոր մի ընկերության հետ, որն այնտեղ հողերի սեփականատեր է:
Օդուժի վարժանքները, որոնց ընթացքում ինքնաթիռների վերթիռներ եւ վայրէջքներ են փորձարկվում ավիակիրների տախտակամածին, ուղեկցվում են մեծ աղմուկով եւ Ճապոնիայում մշտապես առաջ են բերում բնակչության ու տեղական ինքնակառավարման մարմինների բողոքները: Դրա պատճառով դրանք տեղափոխվել էին գրեթե անմարդաբնակ Իվոձիմա հեռավոր կղզի: Սակայն այն չափազանց հեռու է Տոկիոյից՝ ավելի քան 1200 կիլոմետր:
Արդյունքում դեռ 2011 թվականին երկու երկրների զինվորականները որոշել էին ուսումնասիրել նման վարժանքների համար Մագե կղզում զինափորձարան տեղակայելու հարցը: Այն գտնվում է Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հարավ-արեւելքում ԱՄՆ-ի ծովային հետեւակի «Իվակունի» ավիաբազայից ընդամենը 400 կիլոմետր հեռավորության վրա, ուր այժմ տեղափոխվել է ամերիկյան տախտակամածային օդուժի շուրջ 60 ինքնաթիռ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: