Թագուհի Էլիզաբեթ 2-րդի երկրորդ որդին՝ Յորքի դուքս արքայազն Էնդրյուն, այն ժամանակահատվածում, երբ միջազգային առևտրի և ներդրումների գծով Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչն էր, պաշտոնական դիրքն օգտագործել է ի շահ ընկերոջ`բրիտանացի ֆինանսիստ-մուլտիմիլիոնատեր Դեյվիդ Ռոուլանդի, ինչպես նաև ի շահ իրեն: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Հրապարակման կատարած հետաքննության արդյունքում պարզվել է, որ պաշտոնական ուղևորությունների ընթացքում արքայազն Էնդրյուն առաջ է մղել Լյուքսեմբուրգում գործող Banque Havilland մասնավոր բանկը, որը պատկանում է Ռոուլանդ ընտանիքին: Բացի այդ, իշխանը Ռոուլանդին տրամադրել է կառավարության գաղտնի փաստաթղթերը, որոնք կարող էին օգնել ճիշտ բիզնես-որոշում կայացնելու հարցում:

Արքայազն Էնդրյուն Ռոուլանդի հետ տիրապետում էր Inverness Asset Management-ը Կարիբյան օվշորում (փակվել է 2019-ի մարտին): Իշխանի մասնաբաժինը կազմում էր 40 տոկոս: Ըստ թերթի, պաշտոնական գործուղումների ժամանակ իշխանը հարուստ մարդկանց առաջարկել է ներդրումներ կատարել այս համատեղ բիզնեսում:

Արքայազն Էնդրյուն բազմիցս հայտնվել է սկանդալների կենտրոնում: Նա Բուքինգհեմյան պալատում մի քանի անգամ հանդիպել է Սեյֆ ալ-Իսլամի Քադաֆիի՝ սպանված լիբիական դիկտատոր Մուհամադ Քադաֆիի որդու հետ, ինչպես նաև Բուքինգհեմյան պալատում հյուրընկալեց Թունիսի վտարված նախագահ Զին ալ-Աբիդին բին Ալիի փեսային: Բացի այդ, արքայազն Էնդրյուն երկար տարիներ ընկերություն էր անում միլիարդատեր և ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ, որը մեղադրվում էր մարդկանց սեռական ստրկության վաճառքի մեջ: Էփշտեյնի գործունեության հետաքննության մեջ ներգրավված անձանցից մեկը նշել է, որ 2000-ականների սկզբին, լինելով 17-ամյա աղջիկ, նա սեռական հարաբերություն է ունեցել արքայազն Էնդրյուի հետ միլիարդատիրոջ ճնշման տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել