ԱՄՆ միգրացիոն և մաքսային վերահսկողության ծառայությունը «ծուղակ»-համալսարան է ստեղծել՝ վիզային ռեժիմը խախտողներին բացահայտելու համար։ Ինչպես տեղեկացրել է The Daily Caller ինտերնետ-պորտալը, ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության կառույցում գործող գերատեսչությունը հիմնել է «Ֆարմինգթոնյան համալսարանը», որը չունի ոչ աշխատակազմ, ոչ ուսուցման ծրագիր։ Արդյունքում՝ «ծուղակում» հայտնվեցին մոտ 250 ուսանողներ արտասահմանից, որոնք փորձում էին ապօրինաբար երկարացնել երկրում գտնվելու ժամկետը F-1 տիպի ոչ իմիգրացիոն վիզաներով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այդ ուսանողները սկզբում եկել են ԱՄՆ ուսանողական փոխանակման ծրագրերով ուսուցում անցնելու հավատարմագրված ուսումնական հաստատություններում,- պորտալին ասել է Իմիգրացիոն-մաքսային ծառայության ներկայացուցիչը։ Ավելի ուշ նրանք հայտարարություն են գրել Ֆարմինգթոնյան համալսարան տեղափոխվելու մասին, որտեղ չէր ենթադրվում որեւէ ուսուցման ծրագիր։ Քանի որ այդ հաստատությունը չէր ապահովում ուսումնական գործընթաց կամ վկայականների հանձնում, այնտեղ գրանցված ուսանողները պարզապես ուսանողական վիզաների ծրագիրն օգտագործում էին ԱՄՆ-ում կեցությունը երկարացնելու համար»։ Ուսանողները գիտեին, որ Ֆարմինգթոնյան համալսարանը օրինականորեն գործող ուսումնական հաստատություն չէ, կարծում է Իմիգրացիոն-մաքսային ծառայության ներկայացուցիչը։

Դաշնային դատախազի օգնական Բրենդոն Հելմսը, որը պատրաստել է վիզային ռեժիմի կարգախախտների մասին փաստաթղթերը, նշել է, որ «համալսարանում ուսանողների 100 տոկոսը ոչ մի վայրկյան լսարաններում չի եղել»։ «Եթե նրանք իսկապես ձգտեին կրթություն ստանալ ԱՄՆ-ում,- ավելացրել է նա,- Ֆարմինգթոնյան համալսարանը նրանցից ոչ մեկին չէր ներգրավի, քանի որ այն չէր կարող առաջարկել ոչ դասընթացներ, ոչ դասախոսներ, ոչ ծառայություններ»։

The Daily Caller պորտալի տվյալներով՝ բերման ենթարկված օտարերկրացի ուսանողների ընդհանուր թվի 80 տոկոսը այդ գործողության ընթացքում համաձայնել է ինքնակամ հեռանալ ԱՄՆ-ից, 20 տոկոսը դեռեւս մտածում է կամ փորձում է վիճարկել իմիգրացիոն ծառայության որոշումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել