Մոսկվայում Տվերի դատարանը բավարարել է Վլադիմիր Շախովի հայցը, որը 2012 թվականի հունվարին տուժել է ռուսական «Дом-2» հեռուստանախագծի նկարահանման հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է ntv.ru-ն՝ հղում անելով դատարանի պաշտոնական ներկայացուցչի և հայցորդի տեղեկատվությանը:

Տուժողի փաստաբան Դմիտրի Մարգուլիսն ասել է, որ Շախովն աշխատանքի է ընդունվել օրենքի խախտումներով. այդ պատճառով փոխհատուցման օգտին դատարանի վճռին հասնելը դժվար է եղել:

Դատարանում առաջին պատասխանողը Շախովի գործատուն է եղել, որը պետք է լուծեր ապահովագրական ընկերության հետ կապված հարցը: Վերջինս, սակայն, լքել է դատարանի դահլիճը, և միակ պատասխանողները մնացել են ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Արդյունքում՝ ըստ դատարանի վճռի՝ Շախովը պետք է միանվագ 150 հազար ռուսական ռուբլու չափով գումար ստանա: 500 հազար ռուբլի Շախովին վճարվելու է վերջին երեք տարիներ համար: Տղամարդը մինչև կյանքի վերջ ամենամսյա նպաստ է ստանալու:

Նշվում է, որ այժմ տղամարդն ամուսնացած է և դաստիարակում է 1,5-ամյա դստերը: Շախովը պատմել է, որ պայթյունի օրը նստած է եղել տնակում և պահարանի վրա շիշ է նկատել, որն ինչ-որ մեկը բերել էր անտառից: Երբ տղամարդը փորձել է բացել շիշը, պայթյուն է որոտացել: Նախագծի աշխատակիցը զրկվել է երկու ձեռքերից և առջևի ատամներից:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել