Պաշտոնապես մեկնարկեց «Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը՝ ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի, հայ դիզայներների և տեքստիլ արտադրողների, ինչպես նաև ոլորտի տեղական և միջազգային գործընկերների մասնակցությամբ: Մեկնարկը տրվեց հայաստանյան տեքստիլ արտադրության խոշոր գործարաններից մեկում:

Երկամյա ծրագրի նպատակն է բարելավել նորաձևության և տեքստիլ ոլորտների տեխնիկական և գործարար հմտությունները, ընդլայնել ոլորտի ներկայությունը տեղական և միջազգային շուկաներում, ստեղծել նոր աշխատատեղեր և վերամշակման մոդելի վրա հիմնված կայուն մատակարարման արդյունաբերական ցանց:

Ծրագիրն իրականացնում է«Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն։ Այն ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (GGF) կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։ Ծրագրի հիմնական միջազգային գործընկերներն են «Eco-Age» և «Fashion Scout» բրիտանական կազմակերպությունները:

«Ես շատ ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամը» ֆինանսավորում է այս յուրօրինակ ծրագիրը, որը տնտեսական և բնապահպանական առումով կնպաստի Հայաստանի կառավարության՝ կայուն զարգացում ապահովելու ջանքերին։ Այս ծրագիրը միավորում է Հայաստանի և Բրիտանիայի հիանալի ստեղծագործ միտքը։ Ոչ պակաս կարևոր է, որ ծրագիրը նաև խթանում է կանանց ձեռներեցությունը՝ նրանց համար ստեղծելով եկամտի և աշխատանքի հնարավորություններ»,- նշեց Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը:

Կայունությունն ապահովելու նպատակով ծրագիրը ստեղծելու է պետություն-մասնավոր հատված երկխոսության մեխանիզմներ ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ևսպորտի նախարարությունների, ոլորտի այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ևսպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը, ովքեր ևս կարևորեցին ծրագիրը ինչպես երկրի տնտեսության զարգացման, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության ապահովման տեսանկյունից:

«Այս նախագիծը շատ կարևոր է մեր նախարարության համար, քանի որ ներառում է բոլոր այն բաղադրիչները, որոնք մեր ուշադրության կենտրոնում են,- վստահեցնում է Նաիրա Մարգարյանը և հավելում,- տեքստիլ արտադրությունը երկրի տնտեսության կարևոր ուղղություններից մեկն է: Ես հույս ունեմ, որ այս նախագծի շրջանակում ոչ միայն սոցիալապես պատասխանատու ձեռնարկություններ կլինեն, այլև կստեղծվեն սոցիալական ձեռնարկություններ: Բացի դրանից՝ ինձ շատ ուրախացնում է կանանց մասնակցությունը, և հուսով եմ, որ այս նախագիծը կնպաստի նրանց ստեղծարար գաղափարների իրականացմանը»:

Ծրագիրը նախատեսված է կայացած և սկսնակ դիզայներների, տեքստիլ արդյունաբերության խոշոր և ՓՄՁ ընկերությունների, ուսանողների ու դասախոսների համար: Այն  խթանելու է նաև կանանց և երիտասարդների համար բարձր վարձատրությամբ նոր աշխատատեղերի ստեղծումը, բարելավելու է կառավարման հմտությունները:

«Դեռ ծրագրի սկիզբն է, և գուցե մենք ամբողջովին չենք կարող գնահատել, թե ինչ արդյունք ենք ունենալու, բայց Հայաստանի համար շատ կարևոր քայլ է խոսել նորաձևության, տեքստիլի ոլորտում էկոլոգիայի մասին, քանի որ ոլորտի զարգացմանը զուգահեռ՝ ավելանում են նաև դրա բացասական կոմպոնենտները, և որոնց վերաբերյալ ժամանակին խոսելը, արդյունավետ լուծումներ գտնելը շատ կարևոր կլինի»,- ասաց Վահան Խաչատրյանը:

Ծրագիրն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով։ Առաջին ուղղությունը ենթադրում է մասնագիտական և բիզնես կարողությունների զարգացում՝ նորաձևության բիզնեսի կառավարում, էկո-նորաձևություն և էկո-արտադրություն, բրենդինգ, PR և միջազգայնացում, ֆինանսական պլանավորում, նորարարության և նոր արժեքի ստեղծում, արտադրություն և իրացում և այլն: Օգտագործվող բոլոր նյութերը և գրականությունը թարգմանվելու և հանձնվելու են համապատասխան կրթական հաստատություններին հետագա օգտագործման համար: Երկրորդ ուղղությունը նպաստելու է գործարար կապերի ստեղծմանը` միջազգային շուկա մտնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու գործընթացը արագացնելու նպատակով:

Երրորդ ուղղությամբ ստեղծվելու է կայուն արտադրության վերամշակման մոդել (տեքստիլ արտադրանքի թափոնների վերամշակում) տեքստիլ արտադրողների հետ համագործակցության միջոցով:

«Երկամյա ծրագրի ընթացքում մենք աշխատելու ենք դիզայներների և տեքստիլ արդյունաբերության գործարանների հետ՝ փորձելով կապ և համագործակցություն հաստատել նրանց միջև: Բացի դրանից՝ մենք ուսումնասիրելու ենք դաշտը, որպեսզի հասկանանք՝ տեքստիլ արտադրության ընթացքում ինչ թափոններ են ի հայտ գալիս, և թե վերամշակման ինչ գործընթաց է անհրաժեշտ, որն իր հերթին կարող է և՛ էկոլոգիական խնդիր լուծել, և՛ առանձին արտադրություն դառնալ: Հայաստանում այս ուղղությամբ առայժմ որևէ մեխանիզմ մշակված չէ: Այդ մեխանիզմը մշակելու համար տեղայնացվելու է միջազգային լավագույն փորձը, որը տեղի մասնագետներին փոխանցելու համար Հայաստան են ժամանել «Eco-Age» և «Fashion Scout» ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր արդեն երկար տարիներ համագործակցում են համաշխարհային բրենդների հետ»,- նշեց ծրագրի ղեկավար  Էլեն Մանուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել