Մի քանի տասնյակ էկոակտիվիստներ նոյեմբերի 29-ին մի քանի ժամ արգելափակել էին Amazon ինտերնետ-առևտրի ընկերության ֆրանսիական բաժանմունքի կենտրոնակայանը: Ինչպես հայտնել է Europe 1 ռադիոկայանը, բողոքը կապված էր «Սև ուրբաթի»՝ նվազեցված գներով ապրանքների սպառավաճառքների խոշորագույն օրվա հետ՝ տեղեկացնում է TASS-ը։

Ակցիային, որն անցկացվել է Փարիզի արվարձանում գտնվող Կլիշի քաղաքի (Օ դե Սենի դեպարտամենտ) մերձակայքում, մասնակցել են, մասնավորապես, Greenpeace-ի, Attac-ի (ԱՏՏԱԿ) և Extinction Rebellion-ի ակտիվիստները:

Էկոակտիվիստների ձեռքին ցուցապաստառներ էին այն ապրանքների զանգվածային օգտագործումից հրաժարվելու կոչերով, որոնք միայն բացասաբար են ազդում շրջակա միջավայրի և մոլորակի կլիմայի վրա արդյունաբերական գործունեության և տրանսպորտային փոխադրումների ընդլայնման պատճառով: «Դադարեցնե՛լ «սև ուրբաթների» անցկացումը: Նման գործունեությունը չի կարող անպատիժ մնալ»,- ազդարարում է պլակատներից մեկը: Մյուսն Amazon-ի գործունեությունը սահմանափակելու պահանջ է բովանդակում՝ ուղղված Ֆրանսիայի Ազգային ժողովին. «Պատգամավորներ, ընտրություն կատարեք. կա՛մ կլիմայի պաշտպանություն, կա՛մ Amazon-ի»:

«Այսօր Amazon ընկերության կողմից ջերմոցային գազերի արտանետումները հասել են մի ամբողջ երկրի մասշտաբներին»,- հավաքվածների առջև հայտարարել է Greenpeace-ի ֆրանսիական բաժանմունքի ղեկավար Ժան-Ֆրանսուա Ժյույարը: Նա նշել է, որ ընկերությունը կարող էր զգալիորեն կրճատել վնասակար գազերի արտանետումը՝ փոխելով իր տրանսպորտային քաղաքականությունը, մասնավորապես, բեռների մեծաքանակ փոխադրումներն ինքնաթիռներով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել