Aysor.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նեկայացրած «Արագացված զինվորական ծառայության մասին» օրենքի նախագծի շուրջ, որն առաջարկում է 10 մլն դրամ վճարել և ծառայել մեկ ամիս, Aysor.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի հետ:

- Պարոն Հարությունով, ըստ Ձեզ՝ ինչի՞ համար է այս օրենսդրական նախաձեռնությունը: Որքանո՞վ է այն արդյունավետ ՀՀ համար՝ որպես պատերազմական իրավիճակում գտնվող երկրի:

- Այս օրինագծի մեջ փորձ է արվել մի քանի պատճառ միացնել: Մեկն այն է, որ ծառայությունից չխուսափեն, երկրորդը՝ փաստացի փորձ է արվում այդ տարբերակով ռեզերվիստական ծառայություն մտցնել: Արագացված ընթացակարգը ենթադրում է, որ մեկ ամիս ծառայելուց հետո զինծառայողները հավաքներին պիտի ներկայանան: Այստեղ խոսվում է պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մասին, ու կա նաև սփյուռքի գործոնը: Խնդիրն այն է, որ ռեզերվիստական ու պրոֆեսիոնալ բանակի անցումը ենթարդում է լրջագույն վերակառուցում զինված ուժերում: Գործնականում մի օրինագծի մեջ այդ ամենն իրականացնելը անհնար է կամ շատ դժվար կլինի: Մի շարք պատճառներ կան, թե ինչու Հայաստանում չի հաջողվում իրականություն դարձնել ռեզերվիստական ծառայությունն ու պրոֆեսիոնալ բանակը: Մի օրինագծով այդ պատճառները չեն լուծվելու:   

Կան նաև որոշակի գաղափարական տարրեր: Նոր իշխանություններն ընդհանուր առմամբ լիբերալ մոտեցումներ ունեն: Փորձ է արվում իրականության մեջ եղած որոշ բաներ օրինականցնել: Գիտենք, որ Հայաստանի հասարակությունը բևեռացված է, ու բնակչության մի մասը բազմաթիվ ձևեր ունի՝ ֆինանսական միջոցներն օգտագործելով կամ ընդհանրապես չծառայել կամ ավելի հեշտ ծառայել: Հիմա խոսքը դրանց օրինականացման մասին է, որ այդ գումարները, որոնք գնում են ստվերային գոտի, գնան բյուջե: Բայց այս օրինագիծը լուրջ հետևանքներ է ունենալու: Խիստ կասկածում եմ, որ այն իրականություն կդառնա: Ես իրավաբան չեմ, բայց ինձ թվում է, այն որոշ կետերում Սահմանադրությանն էլ է հակասում այն մասով, որը վերաբերում է քաղաքացիների իրավունքներին ու պարտականություններին, որովհետև փաստացի խոսքն այն մասին է, որ ՀՀ-ում կլինի երկու տեսակի քաղաքացիներ՝ մի տեսակ, որը որոշակի պարտականություններից կարող է խուսափել գումարի միջոցով ու մյուս տեսակը, որը եթե գումար չունի, այդ պարտականությունները, պիտի իրականացնի: Այն ունենալու է բացասական ազդեցություն՝ ընդգծելով հասարակության բևեռացումը:  

 - Նախագծում համեմատականներ է տարվում այլ երկրների փորձի հետ, նաև նշվում է, որ մեկ ամսվա ընթացքում զինծառայողները կկարողանան ծանոթանալ զինծառայության բոլոր կանոններին: Դա հավանական համարո՞ւմ եք:

- Խնդիրը հենց դա է: Փորձ է արվում հղում անել օրինակներին, որոնք կան որոշ երկրներում, բայց մեկ ամիսը շատ քիչ է: Այդ ժամանակահատվածում մարդ լիարժեք զինծառայող չի կարող դառնալ: Դրա համար մոտ կես տարի է պետք: Եթե նայենք Ռուսաստանի օրինակով, ապա նրանք կրճատում են պարտադիր զինծառայության ժամկետները, որովհետև իրենց մոտ գործում է ծառայության պորֆեսիոնալ կամ զորակոչային սկզբունքը, բայց ծառայելու ժամանակահատվածը կես տարուց չի կրճատվում:

Մեզանում խոսվում է այն մասին, որ մեկ ամիս ծառայեն, հետո հավաքների ներկայանան, բաց  պրոբլեմն այն է, որ ռեզեվիստական համակարգն աշխատում է երկրներում, որոնք ունեն լուրջ մարդկային ռեսուրսներ, կամ որոնք արտաքին լուրջ վտանգներ չունեն ու դա իրենց համար սկզբունքային չէ: Միայն Իսրայելն է, որը լուրջ առավելություն ունի իր հակառակորդների նկատմամբ հետախուզության մեջ ու ռազմական տեխնիկայի: Դա նրանց թույլ է տալիս ռեզերվիստական համարգի պայմաններում նախապես իմանալ, որ մարտական գործողություն կլինի, պատրաստվել: Իրենց հզոր օդուժը թույլ է տալիս կոմպենսացնել ժամանակաշրջանը մինչև ռեզերվը զինված ուժերը կհամալրի:

Մենք այդ երեքից ոչ մեկին չենք համապատասխանում: Մենք լուրջ վտանգ ունենք դրսից, ունենք շատ սահմանափակ մարդային ռեսուրս, առավելություն տեխնիկայի և հետախուզության մեջ փաստացի չունենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել