Եւ այսպես՝ համառ դիմադրությունից հետո երեկ քաղաքապետարանը հրապարակեց աղբատար տեխնիկայի նվիրատուների ցանկը, որից ինչ հոտ ասես, գալիս է։ Ըստ մամուլի՝ նաեւ կոռուպցիոն սկանդալի վատ հոտ է:
Եւ ուրեմն՝ նվիրատուներից մեկը Սամվել Ալեքսանյանի «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն է, որը նվիրել է 3 միավոր բազմաֆունկցիոնալ «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենա: Դարձյալ ըստ մամուլի՝ «Կամազները» Հայկ Մարությանի սիրուն աչքերի կամ «Ազիզյաններ» սիթքոմում Գառնիկի կերպարի օսկարակիր մեկնաբանման համար չեն տրվել։ 3 «Կամազի» դիմաց քաղաքապետարանը ստորագրել է «Մեգամոլ» առևտրի կենտրոնի շինարարության ավարտական ակտը, որը մինչ այդ չէր ստորագրում։

Հաջորդը՝ «Ն և Ս» ՍՊԸ-ն է, որը 14 միավոր տեխնիկա է նվիրել քաղաքապետարանին եւ, ինչպես վկայում է «Հրապարակ» օրաթերթը, դրա դիմաց Դավթաշենում 5-6 շենքի կառուցման թույլտվություն է ստացել, որոնք նախապես նախագծված էին 14-հարկանի, բայց երեւի 14 միավոր տեխնիկան լավ դոպինգ է եղել քաղաքապետի համար, ու եւս չորս հարկի թույլտվություն են բաշխել նվիրատուին։

Քաղաքապետարանի նվիրատուների թվում է նաև «Տերյան-5» ՍՊԸ-ն, որը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներինն է: Բայց նրանց մատուցած նվերը ոչ թե մեքենաներ են, այլ Չարբախում (Աերացիա, Շիրակի 88/1 հասցեում) կառուցվող քաղաքապետարանի «Սանմաքրման և աղբահանության» հիմնարկի համար նախատեսված ավտոպարկը և սպասարկման կենտրոնը, որը կառուցվում են որպես նվեր քաղաքին: Բայց, ըստ մամուլի, պարզվում է, սա էլ այնքան նվեր չէ։ Դրա դիմաց նրանց թույլատրվել է Պուշկինի փողոցում՝ Աֆրիկյանների քանդված շենքի տեղում կառուցվող հյուրանոցի վրա ևս 5 հարկ ավելացնել: Նախնական թույլտվությունը 17 հարկ էր, այժմ կառուցում են 22-ը: Բրավո։ Կարծում եմ, որ գլխավոր դատախազությունը մամուլի այս հրապարակումը պետք է ընդունի որպես հայտարարություն հանցագործության մասին եւ րոպե առաջ զբաղվի սրանով։

Ու մեկ էլ մի անհամեստ հարց․ ո՞ւր է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ով ինչ-որ քաղաքաշինական խորհուրդ էր ստեղծել ու շինթույլտվություններ էին բաժանում։

Ես որեւէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց եթե պարզվի, որ այս ամենն իրականություն է, ապա սա լինելու է հետհեղափոխական Հայաստանի ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկը։

Ու Արթուր Մեսչյանին չի փրկի՝ «Ո՞ւր էիր, Աստված» երգելը, իսկ քաղաքապետ Հայկ Մարությանը, ում մոտ երեկվանից, ասում են, քրոնիկ դեպրեսիա է սկսել, եւ նա կրկին լքել է Հայաստանը, ընդամենը պաշտոնանկությամբ չի պրծնելու։

Սա միանշանակ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել