Hraparak.am-ը գրում է․

Ռուսաստանը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մարդասիրական միջոցառումների իրականացմանը եւ հանդես է գալիս դրանց շարունակականության օգտին, հանուն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում բնակչությանը խաղաղության նախապատրաստելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ ի պատասխան «Մոսկվա-Բաքու» լրատվական կայքի լրագրողի կողմից, ավանդական բրիֆինգի ժամանակ հնչեցված հարցի, կապված նոյեմբերի 17-21-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լրագրողների փոխայցի հետ։

«Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից այս տարվա ապրիլին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրակարգով կազմակերպված ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում կողմերը համաձայնվել են սկսել գործնական աշխատանքներ մի շարք հումանիտար հարցերի հետ կապված, որոնց շրջանակում նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների փոխայցելությունն էր։

Դա պայմանավորված էր Վիեննայում այս տարվա մարտին կայացած գագաթնաժողովով։ Փոխայցը կայացել է նոյեմբերի 17-21-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անմիջական կոորդինացմամբ։ Մասնակցել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի լրագրողները։

Մենք դիտարկում ենք այս համատեղ միջոցառումը որպես մտադրություն, որն ունեն կողմերը՝ նպաստելու համար հայերի եւ ադրբեջանցիների միջեւ կապերի հաստատման ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ նման մարդասիրական միջոցառումները, որոնք ուղղված են բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելուն, պետք է շարունակական լինեն եւ մենք բնականաբար կաջակցենք նման միջոցառումներին։

Հնարավոր ուղղություններից են այն անձանց ճակատագրի թեթեւացումը, որոնք ազատազրկման պայմաններում պահվում են հակառակ կողմի տարածքում, ինչի մասին ասվում է նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԱԳ նախարարների Մոսկովյան հայտարարության մեջ»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել