Aysor.am-ը գրում է.

«Եվրո-2020»-ի ընտրական մրցաշարի նոյեմբերի 18-ին տեղի ունեցած վերջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աննախադեպ՝ 1:9 հաշվով պարտություն կրեց Իտալիայի հավաքականից: Երկրպագուների մեծ մասը պարտության համար հերթական անգամ թիրախավորեց ֆեդերացիայի նախագահին՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Ի տարբերություն նախորդների՝ Արթուր Վանեցյանը կառչած չէր աթոռին, միայն թե պայմանը մեկն էր՝ իր հետ հրաժարական պետք է ներկայացնի նաև ՀՖՖ գործկոմը:

Խաղից ուղիղ երեք օր անց ՀՖՖ-ում գործկոմի նիստ գումարվեց, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի գլխավորությամբ՝ ֆուտբոլային վերնախավը վայր դրեց իր լիազորությունները՝ այսպիսով հայտարարելով, որ հայկական ֆուտբոլում պետք է սկսել առողջացման գործընթաց:

Ղեկավար կազմի նոր ընտրությունների օր հայտարարվեց դեկտեմբերի 23-ը։

Aysor.am-ը հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունների մասին զրուցել է 2007 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, ներկայումս շվեդական «Լինչյոպինգ սիթի» ակումբի կիսապաշտպան Լևոն Պաչաջյանի հետ:

- Լևոն, որքան նկատել եմ սոցիալական հարթակում Ձեր ակտիվությունից՝ բավական ուշադիր հետևում եք հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին: Ձեր դիտարկմամաբ՝ ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանի հավաքականը և ո՞վ կամ ի՞նչն է դրա հիմնական պատճառը:

- Իհարկե, չեմ կարող բացարձակ անմասն մնալ հայակական ֆուտբոլից: Չնայած այս պահին ֆիզիկապես բացակայում եմ Հայաստանից, բայց սոցցանցերի միջոցով փորձում եմ հետևել, և ինչո՞ւ ոչ՝ իմ կարծիքով, եզրակացություններով կիսվել, որպեսզի մեր երկրպագուները նույնպես տեղյակ լինեն ֆուտբոլային խոհանոցի անց ու դարձից: Իսկ թե ո՞վ է մեղավոր, որ մեր հավաքականը գտնվում է այնտեղ, որտեղ գտնվում է՝ ասեմ. պատասխանատու բոլոր անձինք, այդ թվում և ֆուտբոլիստները: Ամեն մեկն իր հերթին ինչ-որ թերացում ունեցել է, որ նման իրավիճակում ենք:

- Օրերս ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմը՝ ֆեդերացիայի նախագահի գլխավորությամբ, հրաժարական ներկայացրեց: Դա անհրաժեշտ քայլ համարո՞ւմ եք, կարո՞ղ է նպաստել հավաքականի խաղերի բարելավմանը:

- Այո, կարծում եմ՝ հավաքականի վերջին խայտառակ ելույթներից հետո այդ հրաժարականները տրամաբանական էին: Բայց պետք է ասեմ, որ մեկ հրաժարական դեռ պակաս է՝ մարզչի հրաժարականը: Ընդ որում, առաջին հրաժարականը հենց նա պետք է ներկայացներ: Հուսամ՝ դա էլ կտեսնենք: Իսկ որ ֆեդերացիայի ամբողջ կազմի հրաժարականը կնպաստի ոչ միայն հավաքականի խաղի բարելավմանը, այլ ընդանրապես՝ հայակական ֆուտբոլի թարմացմանն ու զարգացմանը, կարծում եմ, այդպես էլ կա:

- Նոր ընտրություններին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, արդեն իսկ կան Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրողներ: Գո՞հ եք այդ անուններից, ինչպե՞ս եք գնահատում նրանց հավանական գործունեությունը այս պաշտոնում:

- Կարծում եմ՝ դեռ վաղ է թեկնածուներից խոսել: Չնայած քիչ ժամանակ է մնացել պաշտոնական առաջադրվելու օրվան, բայց դեռ լուրջ ծրագրով ներկայացող թեկնածու չեմ տեսել: Հնարավոր է՝ ինչ-որ մեկին բաց եմ թողել այս պահին, բայց միևնույն է, ինձ համար դեռ չկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել