Հարգելի Arsinée Khanjian,
Ձեզ մի իրավիճակ նկարագրեմ, մտածեք այդ սցենարով ֆիլմ նկարելու մասին:

Կար մի քաղաք: Այդտեղ քաղաքային նոր իշխանությունները արտասահմանյան կապիտալով աշխատող մասնավոր ընկերությունից աղբահանության բիզնեսը խլում են ու դնում իրենց ախպերության տակ: Հետո պարզվում է, որ այդ ընկերությունը գործն անում էր շուրջ 1.5 միլոն դոլարով ավելի էժան, քան իրենք են անելու: Ավելին` այդ ընկերությունը պետությանը հարկեր էր վճարում, իրենք չեն վճարելու: Այնուհետև պարզվում է, որ իրենց տակ քաշած բիզնեսի մի մասը բնակիչների վճարած փողերով է ստեղծված, մյուս մասը` տնտեսվարողներից կամ ռեկետ է արված, կամ էլ կաշառք է վերցված, իհարկե, նվիրատվության անվան տակ: Նույնիսկ պատվոգրեր ու գովասանագրեր են բաժանված: Երբ պարզվում են այս մանրամասնությունները, «մենեջմենթի արքան»` այդ քաղաքի քաղաքապետը, իրեն հայելու մեջ չնայելով, որոշում է էշի տեղ դնել քաղաքի բնակիչներին` հայտարարելով, թե X օլիգարխը Կամազ չի «նվիրել» իր լավ ախպերության համար ստեղծված բիզնեսին:

Նաև ի՞նչ է պարզվում. կա մի ընկերություն, որն ապօրինի շինարարություն է սկսել, բայց շուտով շինթույլտվություն է ստանալու, որովհետև ախպերության տակ դրած բիզնեսին 14 հատ Կամազ է նվիրել: Բայց քանի որ քաղաքի բնակիչները էշեր չեն, ապա հարցը դրանով չի փակվում: Երբ ախպերությունը որոշում է, որ քաղաքապետն արել է իր գործը և պետք է արձակուրդ գնա, այսինքն` պետք է իջնի ջրի հատակը, մինչև կանցնի վտանգը, իրավիճակը փորձում են փրկել քաղաքապետի մամուլի խոսնակի միջոցով: Սա էլ դնում ու խփում է շեֆի ռեկորդներն ու հայտարարում` այո՛, «X» ՍՊԸ-ն Կամազներ նվիրել է, բայց ՍՊԸ-ի փաստացի տնօրենը X օլիգարխը չէ:

Ո՞րն է առաջարկս: Որպես սցենարիստ-ռեժիսոր և ակտիվ հեղափոխական, որ ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության օրերին ժողովրդի վարչապետի և Երևանի այսօրվա քաղաքապետի հետ հրապարակներում միտինգներ եք արել և հըըըպաաարտ ելույթներ ունեցել, ցինիզմի և իրենց ապուշ հալով մարդկանց ապուշի տեղ դնելու մասին պատմությունը վերածեք սցենարի, նկարեք ֆիլմ և ցուցադրեք մեծ էկրաններին, որ Հայաստանում անձամբ Ձեր ջանքերով բերված իշխանությունը նման սխալներ հանկարծ չանի, որ ֆիլմը նայեն, ամաչեն ու հանկարծ նման զզվելի քայլեր չանեն: Անհնար է, որ Թոդ Ֆիլիփսի «Ջոկերը» դիտած չլինեք: Հավատացեք, փոքրիկ ջոկերների մասին ֆիլմի ոչ պակաս սցենար է: Համ էլ շատ լավ առիթ կլինի ժամանել Հայաստան և մի փոքր վայելել այն երկիրը, որտեղ պետական հեղաշրջման անմիջական մասնակիցն եք եղել, քայլել Երևանի փողոցներում և Ձեր բերած իշխանության մասին մարդկանց կարծիքը լսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել