Ֆրանսիայի մայրաքաղաքը եւ Իլ դը Ֆրանսի մի ամբողջ շարք կոմունաներ նոյեմբերի 27-ի երեկոյան մի քանի րոպե առանց էլեկտրականության են մնացել՝ Փարիզից հյուսիս-արեւմուտք Սերժի Պոնտուազի կոմունայում էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով: Այդ մասին հաղորդել է RTE էլեկտրացանցերի գործարկուն:

«Տեխնիկական միջադեպը տեղի է ունեցել Սերժի Պոնտուազի տրանսֆորմատորային ենթակայանում 21:50-ին (Երեւանի ժամանակով 00:50-ին) եւ լույսի անջատման հանգեցրել Փարիզում, Օ դը Սենի եւ Վալ դ’Ուազի դեպարտամենտներում: RTE-ի եւ Enedis-ի անձնակազմերի մոբիլիզացումը թույլ է տվել արագորեն վերականգնել էլետրաէներգիայի մատակարարումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սոցցանցերի օգտատերերը լուսանկարներ եւ տեսագրություններ են զետեղում քաղաքի տարբեր մասերից: Դրանցից մեկում կարելի է տեսնել խավարի մեջ ընկղմված Ելիսեյան դաշտերը, որտեղ, սակայն, մի քանի րոպե անց վերստին վառվել են սուրբծննդյան լուսազարդումը եւ լապտերները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել