168.am-ը գրում է.

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է  Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, նոյեմբերի 26-ին և՛ ավագանու նիստի ժամանակ, և՛ լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը մի քանի անգամ կրկնեց՝ Երևանի քաղաքապետարանին նվիրված «Կամազ»-ների հետ գործարար Սամվել Ալեքսանյանը կապ չունի. ինչո՞ւ չեք հավատում քաղաքապետին՝ շարունակելով հիշատակել Ալեքսանյանի անունը։

– Հաշվի առնելով Սամվել Ալեքսանյանի գործունեության տրամաբանությունը՝ կարող ենք ասել, որ Ալեքսանյանը բիզնեսմեն չէ, բայց չէ՞ որ կարող են լինել «Ալեքս Գրիգը», «Երևան Սիթին» կամ Սամվել Ալեքսանյանի ընտանիքի անդամները, մյուս կողմից՝ խնդիրը նրանում է, որ քաղաքային իշխանություններն ամիսներ շարունակ խաբել են մեզ և ասել, որ քաղաքը ձեռք է բերել 55 մեքենա՝ որևէ կետով չշոշափելով, որ այդ տեխնիկայի մի մասը քաղաքը նվեր է ստացել։ Մենք դեմ չենք նվերներին, մենք դեմ ենք դա գաղտնի պահելուն։

– Դուք ասում եք՝ գաղտնի են արել, Հայկ Մարությանը Ձեզ հակադարձում է՝ նշելով, որ գաղտնի չի արվել, պարզապես նվիատուները չեն ցանկացել, որ իրենց անունները բարձրաձայնեն, ասել են՝ «հո ռեկլամ չե՞նք անում»։

– Ես Հայկ Մարությանին խորհուրդ կտամ կանգնել հայելու դիմաց և կրկնել այդ նախադասությունը. եթե կարողանա այդքանից հետո նույն դեմքի արտահայտությամբ շարունակել իրեն նայել հայելու մեջ, ես ներողություն կխնդրեմ։

– Հիմա քաղաքացին ինչպե՞ս կողմնորոշվի՝ հավատա Ձե՞զ, թե՞ Ձեր ասածը հերքող և նվիրատուների տարօրինակ անունները չհիշող քաղաքապետին։

– Կարծում եմ, որ քաղաքապետը տարիներ շարունակ այնպիսի աշխատանք է կատարել, որ նրա մոտ հիշողության գիծը շատ զարգացած է։ Չեմ կարծում եմ, որ քաղաքապետը մի քանի բարերարի անուն-ազգանունը կմոռանար։

 Ի դեպ,  հաստատվեցի՞ն արդյոք այն լուրերը, որ Դավթաշենում՝ Եղվարդի խճուղու վրա, իրականացվող շինարարության կառուցապատողը 1 մլն դոլարի (10 հատ) «Կամազ» է նվիրել Երևանին՝ շինթույլտվություն ստանալու համար։

 Մենք նամակներ ենք ստացել և 10 օր առաջ գրությամբ դիմել ենք քաղաքապետին, որ նա տրամադրի բարերարների ցանկը, որպեսզի մենք էլ հասկանանք, թե ո՞ւմ շնորհակալ լինենք քաղաքը փրկելու համար։

 Դավիթ Խաժակյանն ավագանու վերջին նիստի ժամանակ դիմեց Դատախազությանը, առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին հաղորդում ներկայացրեց, քանի որ, ըստ նրա, քաղաքապետի լիազորությունները կատարել է մի մարդ, որը դրա իրավունքը չուներ. Դատախազությունն այդ հաղորդմանն արձագանքե՞լ է։

– Այդ մասին դեռ տեղեկատվություն չունեմ, բայց ես հավատում եմ մեր դատախազության անկողմնակալությանը, որովհետև իսկապես առերևույթ տեղի է ունեցել հանցագործություն և օրենքի խախտում։

– Իսկ եթե, այնուամենայնիվ,  Դատախազությունը չարձագանքի՞։

– Չեմ ցանկանում նախօրոք կասկածել այդ կառույցի անաչառության վրա, և հույս ունեմ, որ այն նոր իրողությունները, որոնց մասին այդքան թմբկահարվում է, կգործեն ի շահ քաղաքացիների։

– Ասացիք՝ «նոր իրողությունները, որոնց մասին այդքան թմբկահարվում է». չե՞ք զգում դրանք Ձեր մաշկի վրա։

 Քաղաքային իշխանության տրամաբանության մեջ չկա. կառավարման հարցում էլ կա հետընթաց, մի շարք աշխատանքներ չեն կատարվել, որոնք քաղաքային իշխանությունները փաթեթավորում են «տնտեսում» բառով։ Այդ նոր իրողությունները ես նաև ավագանու նիստերի ժամանակ չեմ զգում: Ուշադիր նայեք նրանց այդ միաձայն քվեարկություններին. 57 հոգանոց  ավագանուց՝ կեսն է գալիս նիստերին, եկածներն էլ միաձայն «կողմ» են քվեարկում։ Դե՛, իհա՛րկե,  ժողովրդավար լինելու համար մեկ-երկու  «դեմ» քվեարկություն են ապահովում՝ ֆոն ստեղծելու համար։

– Իսկ ի՞նչ նկատի ունեիք՝ ասելով, թե՝ «Երևան» հիմնադրամը վերակենդանացել է։  Հիշեցնենք, որ այդ հիմնադրամում չարաշահումների գործով կար հարուցված քրգործ. չարաշահումնե՞րը նկատի ունեիք։

– Նախկինում բազմաթիվ խոսակցություններ էին պտտվում, որ շինթույլտվության համար քաղաքացուց պահանջել են որոշակի գումար մուտք անել «Երևան» հիմնադրամ՝ այս կամ այն շինթույլտվությունը ստանալու համար, հիմա էլ կան խոսակցություններ, որ բազմաբնակարան շենքի շինթույլտվության համար քաղաքացուց պահանջում են քաղաքապետարանին վճարել 5 տոկոս. որոշակի փաստեր ունենք, որոնք ես չեմ կարող բարձրաձայնել, քանի որ կվնասենք տնտեսվարողներին։ Մենք, հիմնվելով լուրերի վրա, կարող ենք ենթադրություններ անել, որևէ բան բացառված չէ… Կան բազմաթիվ խոսակցություններ, որոնց մասին այս պահին չեմ ուզում խոսել, որ հայտնի գործարարներ կան, որոնք շենքեր են կառուցում և մեքենաներ են ձեռք բերում Երևանի քաղաքապետարանի  համար։

– Իսկ ինչո՞ւ այդ փաստերը չեք ներկայացնում իրավապահ մարմիններին։

– Դա տնտեսվարողները պետք է անեն, ես ընդամենը գիտեմ որոշակի խոսակցություններ, որոնց մասին հարցրեցի քաղաքապետին։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել