168.am-ը գրում է.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ Քրեական օրենսգիրքն է պահանջում, որպեսզի անձը, որը որպես մեղադրյալ՝ ներգրավվել է այս կամ այն գործում, 48 ժամվա ընթացքում ներկայանա հարցաքննության, նույն պահանջը դրված է նաև ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դեպքում։

Ինչ վերաբերում է Գ. Կոստանյանի հայտարարությանը, որ առերսումներ չեն եղել, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ պարտադիր չէ՝ քրեական գործում ինչ-որ անձի ներգրավվելու դեպքում անպայման առերեսում լինի։

«Առերեսում կատարվում է, երբ իր կողմից տրված ցուցմունքներում և այլ անձի տված ցուցմունքներում կան էական հակասություններ։ 48 ժամում գալ ու հարցաքննվել՝ մարդու իրավունք է, եթե մարդը չի ցանկանում օգտվել իր իրավունքից, դա արդեն այլ խնդիր է, նա իրավունք ունի 48 ժամվա ընթացքում իր խոսքը, որպես մեղադրյալ,  լսելի դարձնելու։ Եթե նա նշված ժամանակահատվածում չներկայանա վարույթ իրականացնող մարմին, ապա վերջինս կարող է կիրառել խափանման այլ միջոց, դիցուք՝ մինչև կալանավորում»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Գևորգ Կոստանյանի այն բնորոշմանը, որ այս ամենը նախատոնական շոու է, Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց, որ դրանով Գևորգ Կոստանյանը պաշտպանվում է.

«Նման կերպ նա որոշել է իր պաշտպանությունը կազմակերպել»։

Հիշեցնենք, որ Գևորգ  Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է՝ որպես մեղադրյալ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։

Գևորգ Կոստանյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ միանշանակ Հայաստան գալու է, սակայն ՀՔԾ-ն այդ կերպ ցանկանում է նախատոնական շոու անել, որի մասնակիցն ինքը չի կարող լինել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել