168.am-ը գրում է.

Կառավարության որոշմամբ` դեկտեմբերի 1-ից վերջնականապես կփակվեն Գյումրու, Բյուրեղավանի և Դիլիջանի գիշերօթիկները, Գյումրու թիվ 2 գիշերօթիկը կշարունակի գործել մինչև հունիսի 25-ը: Այդ 6 ամիսների ընթացքում Կառավարությունը կփորձի լուծել այն 43 երեխաների խնդիրը, որոնց վերադարձն ընտանիք այս պահին բացառվում է:

«Պետությունը միշտ պատրաստ է և պարտավոր է իրականացնել այդ երեխաների խնամքը: Այս պահին մենք ունենք մանկատներ, և եթե կան երեխաներ, ումից հրաժարվել են, կտեղափոխվեն այնտեղ, ունենք նաև ճգնաժամային կենտրոններ, մեկը՝ Երևանում, ևս երկուսը լինելու են Սյունիքում և Շիրակում, այնտեղ ևս այդ երեխաները կկարողանան մնալ, մինչև իրենց խնդիրը լուծվի»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներից մեկն ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ այս ծրագիրն օգնելու է, որ ուժեղանան ընտանիքները: Իսկ ինչո՞ւ է նախարարությունը սկսել լուծարումից, և ոչ՝ օգնելուց:

«Մենք նախ՝ խնդիրները լուծում ենք, հետո՝ երեխաներին վերադարձնում: Մենք տարբեր մարզերում կազմակերպում ենք աշխատանքային տոնավաճառներ: Այս կերպ երեխաների ծնողները կկարողանան աշխատանք գտնել: Բավականին շատ են այն աշխատանքները, որոնք առաջարկվում են, և կան կազմակերպություններ, որոնք աշխատակից չեն գտնում: Պետք է հասկանալ, թե ո՞րն է պատճառը, որ կան մարդիկ, ովքեր չունեն աշխատանք, և միևնույն ժամանակ՝ կան կազմակերպություններ, որոնք չեն կարողանում գտնել աշխատակից»,- ասաց նա:

Զարուհի Բաթոյանը վստահեցնում է՝ հանդիպել, զրուցել են թե՛ ծնողների, թե՛ գիշերօթիկների աշխատակիցների հետ, որոնք փաստացի գործազուրկ են մնալու գիշերօթիկների փակումից հետո:

«Գրանցել ենք իրենց կարիքները, իրենց մասնագիտական հմտությունները, առաջարկել ենք թափուր աշխատատեղեր իրենց մարզերում, և այդ աշխատանքն ընթացքի մեջ է: Նրանք վերապատրաստումների, կրթության միջոցով կկարողանան աշխատանք գտնել, չնայած նրանց մի մասն արդեն կենսաթոշակի տարիքի է»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել