168.am-ը գրում է.

Դեռևս երկու շաբաթ առաջ ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել էր, թե «Հայաստանից կապիտալն արտահոսում է. 310 մլն դոլար եկել է, 295 մլն կապիտալ դուրս է եկել երկրից»: «2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատված, այն է՝ շինարարություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, եկել է 310 միլիոն դոլարի ներդրում, իսկ այդ նույն ոլորտներից դուրս է արտահոսել 295 միլիոն դոլար»,- պնդել է նա:

168.am-ը նույն օրը գրավոր հարցում է ուղարկել Կենտրոնական բանկ՝ պարզելու, թե որքանո՞վ է այն իրականությանը համապատասխանում, կամ որքա՞ն է  կազմում կապիտալի արտահոսքի իրական ցուցանիշը:

Երեկ ԿԲ-ից մեր հարցմանն ի պատասխան՝ գրություն են ուղարկել, որում ասվում է.

«Ի պատասխան Ձեր նամակի՝ տեղեկացնում ենք, որ արտաքին հատվածի վիճակագրությունը հիմնականում կազմվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից թողարկվող վճարային հաշվեկշռի ձեռնարկի 6-րդ խմբագրության և որոշ չափով այլ միջազգային կազմակերպությունների վիճակագրական ձեռնարկների հիման վրա (օրինակ՝ Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության Ուղղակի ներդրումների ուղենիշային սահմանում ձեռնարկի 4-րդ խմբագրությունը)։

Նշված ձեռնարկներում, ինչպես նաև պաշտոնական վիճակագրության կազմման միջազգային փորձում չեն սահմանվում «կապիտալի արտահոսք» և «կապիտալի ներհոսք» ցուցանիշներ։ Այս ցուցանիշներն ավելի շուտ հանդիսանում են վերլուծաբանների կողմից հաշվարկվող կամ մեկնաբանվող, ըստ որում, տարբեր վերլուծաբաններ կարող են տարբեր ցուցանիշներ ներառել այս հաշվարկում։ Մասնավորապես՝ առավել ընդհանրական ձևակերպմամբ կապիտալի ներհոսք/արտահոսք ասելով՝ հասկանում ենք վճարային հաշվեկշռի կապիտալի և ֆինանսական հաշիվների դրական/բացասական հանրագումարը (ֆինանսական հաշվի մնացորդը գումարվում է հակառակ նշանով)։ Եվ քանի որ պատմականորեն Հայաստանի Հանրապետությունը մշտապես ունի ընթացիկ հաշվի պակասուրդ (ներմուծումը գերազանցում է արտահանմանը), ուստի այն ֆինանսավորելու համար կապիտալի և ֆինանսական հաշվով մշտապես գրանցվում է կապիտալի զուտ ներհոսք։ Արտաքին աշխարհի հետ ՀՀ ֆինանսական գործառնությունների և դիրքերի պաշտոնական տվյալներն ամփոփված են ՀՀ վճարային հաշվեկշռում և ՀՀ միջազգային ներդրումային դիրքում։

Ցուցանիշները տեղադրված են ՀՀ կենտրոնական բանկի կայքում՝ այստեղ և այստեղ.»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել