ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի Բիչ քաղաքում ձերբակալվել է մի կին, որը ծանոթացել է տղամարդկանց հետ, իսկ հետո գողացել նրանց ժամացույցները, հայտնում է WSVN-ն:

Ոստիկանության տվյալներով, 25-ամյա Քեյթլին Վոյթովիչը կատարել է առնվազն երեք գողություն: Նա գողացել է փող, թանկարժեք ժամացույցներ և այլ արժեքավոր իրեր: Գողունի ընդհանուր արժեքը կազմել է 139 հազար դոլար: Ոստիկանության ներկայացուցիչը նրան «վտանգավոր կին» է անվանել:

Առաջին զոհին Վոյթովիչը հանդիպել է ակումբում 2018 թ.-ի մայիսին և կողոպտել է հյուրանոցային համարում: Նա վերցրել է տղամարդու 12.000 դոլարանոց ձեռքի ժամացույցը, 12 հազար դոլար կանխիկ գումարը, iPhone 7 սմարթֆոնը և Gucci ապրանքանիշի 600 դոլարանոց գոտին և հեռացել:

Մի քանի ամիս անց Վոյթովիչը թալանել է Նյու Յորքի 25-ամյա բնակչին, ում հետ հանդիպել է նույն ակումբում: Հաջորդ առավոտ տղամարդը հայտնաբերել է, որ կորցրել է 56 հազար դոլար արժողությամբ ժամացույցը:

Երրորդ զոհը պնդում է, որ 2018 թ.-ի հունվարին Վոյթովիչին հանդիպել է հյուրանոցում: Սակայն այս անգամ տղամարդը որոշել է թանկարժեք իրերը պահել չհրկիզվող պահարանում: Այդ ընթացքում տղամարդը նկատել է, որ կինը կանգնած է իր հետևում: Իսկ թե ինչ է եղել հետո՝ նա չի հիշում: Տղամարդը կորցրել է 10.000 դոլարանոց Rolex ժամացույցը, 20 հազար դոլար արժողությամբ երկու ժամացույց, կանխիկ գումար և այլ իրեր:

Այս գողությունից հետո ոստիկաններին հաջողվել է վերցնել հանցագործի մատնահետքերը, ինչը հնարավորություն է տվել հաստատել նրա ինքնությունը: Վոյթովիչի մեքենան հայտնաբերել են համարանիշները ճանաչող տեսախցիկի գործարկումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել