Շվեյցարացի գործարար Աբդուլա Շատիլան Ադոլֆ Հիտլերի՝ Մյունխենում աճուրդի հանված ցիլինդրն ու այլ անձնական իրեր գնել և հանձնել է իսրայելական «Քերեն հա-Յեսոդ» բարեգործական հիմնադրամին:

Այս մասին Շատիլան հայտարարել է շվեյցարական ֆրանսալեզու Le Matin Dimanche կայքին տված հարցազրույցում:

«Ես ցանկանում էի գնել այս իրերը, որպեսզի դրանք վատ ձեռքերում չհայտնվեն և չօգտագործվեն նեոնացիստական պրոպագանդայի համար: Իմ որոշումը բացարձակ չեզոք է և քաղաքականությունից դուրս է գտնվում»,- ասել է գործարարը:

Շատիլան մոտ 546 հազար եվրո է ծախսել իր տեսանկյունից առավել արժեքավոր լոտերը գնելու համար, որոնց թվում են անվան առաջին տառերով ցիլինդրը, ծխախոտատուփը, գրամեքենան և Հիտլերի ինքնակենսագրական Mein Kampf գրքի հատուկ հրատարակությունը:

Նրա կարծիքով այս իրերը «պետք էր վառել», սակայն նա որոշել է հանձնել դրանք հիմնադրամին, որն էլ այն ցուցադրության կդնի իսրայելական որևէ թանգարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել