ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները հաղթահարելու համար չափազանց կարևորում է իր ղեկավարած ինստիտուտի անաչառությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թաթոյանն ասաց նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային երկօրյա համաժողովի ընթացքում:

«Մարտահրավերները հաղթահարելու համար չափազանց կարևոր է անաչառությունը: Չպետք է լինի քաղաքական որևէ հոսանքին հարում անգամ, որովհետև դա կկործանի տարիների ընթացքում ստեղծվածը: Անհրաժեշտ է քաղաքական կամքի առկայություն, որը նաև կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվող առաջարկների կատարմանը նպաստելու համար: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ներկայում ունի A կարգավիճակ, դա ՄԱԿ-ի հովանու ներքո գործող անկախ հանձնախմբի կողմից շնորհված կարգավիճակ է, որը վկայում է աշխատանքի բարձր անկախության և արդյունավետության մասին»,- ասաց Թաթոյանը:

Նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային երկօրյա համաժողով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել