Ազգային անվտանգության խորհրդի նիստերի դահլիճում նոյեմբերի 26-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը  ձայների մեծամասնությամբ ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովի նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն էին դրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը և «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած թեկնածու Էդգար Շաթիրյանը։

Նախագահի թեկնածուները ներկայացրեցին իրենց մոտեցումները կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ։

Հայկուհի Հարությունյանը և Էդգար Շաթիրյանը միակարծիք էին` անկախ նրանից, թե ով կընտրվի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, կարևոր է թիմային և միասնական աշխատանքը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը» խմբակցությունը՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի,  Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին խորհրդարանի կողմից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում և լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) էթիկայի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ., վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հայտարարագրերի ռեեստրը, հրապարակում է հայտարարագրերը, քննում և լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր, իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն և դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին, մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել