Չինական կոմկուսի առաջնորդ Մաո Ցզեդունը որոշել էր «տնտեսական հեղափոխություն» անել։ Նա սև ու հակահեղափոխական հռչակեց միջատներին, կրծողներին, մոծակներին ու ճնճղուկներին (թեմայի վերաբերյալ հղումը՝ մեկնաբանությունում)։ Ըստ Մաոյի՝ մինչև դրանք չվերանային, «ներդրումներ» չէին լինելու, այսինքն՝ կյանքը չէր լավանալու։

Հպարտ չինացիները լծվեցին ինքնասիրահարված ու խելապակաս «վոժդի» առաջադրանքը կատարելու գործին։ Միջատների, մոծակների ու կրծողների մասով այդքան էլ չստացվեց, բայց փոխարենը հաջողեցին ճնճղուկներին ասֆալտին փռելու և պատերին ծեփելու հարցում։ Միլիոններով ծիտ ոչնչացվեց, որպեսզի այդ թռչող հակահեղափոխականները բերքին վնաս չտային։

Շատ երկար պատմություն է սա, բայց կարճ ասեմ, որ Մաոյի նախաձեռնած «տնտեսական հեղափոխությունից» ու ծտերի դեմ պայքարից հետո Չինաստանում սով սկսվեց։ Նույնիսկ մարդակերության դեպքեր արձանագրվեցին։

Մաոյի նախաձեռնության բնույթը հատուկ է բոլոր հեղափոխականներին, որոնք միշտ որևէ մարազմատիկ ծրագիր կամ հիվանդագին գաղափար են առաջ քաշում ու հայտարարում, որ մինչև այդ ծրագիրը կամ գաղափարը կյանքի չկոչվի, վիճակը չի լավանա։

Օրուելի «Անասնաֆերմա»-ում էլ գիգանտ–շինարարություն էին անում, որ կյանքն անասունների համար լավանա, բայց դե...

Ամբոխի վրա հիմնված անձնիշխանական ռեժիմների դեպքում միշտ էլ իշխանությունը «ստախանովյան» շարժումներ է քարոզում։ Դա, այլ բաներից զատ, նաև «բզիկ» է։ Ավտորիտարիզմի կամ տոտալիտարիզմի «բզիկներից»։

Երբ, բովանդակությունը թողած, ձևի հետևից են ընկնում, երբ կարիք կա հանրային ուշադրությունը կարևոր հարցերից շեղելու, երբ առաջնորդն ունի հոգեկան խնդիրներ, միշտ էլ թշնամու կերպար է հրամցվում հանրությանը և սևեռուն գաղափար առաջ քաշվում։ Այդ թշնամին կարող է լինել և՛ շնչավոր, և՛ անշունչ, իսկ գաղափարը՝ հիվանդագին։

Չինաստանում թռչունների կմախք էին հավաքում, քանզի թշնամու կերպարն այդ պահին դա էր, իսկ գաղափարը՝ կառուցել երջանիկ Չինաստան։ Չինաստանն այժմ երջանկանում է, բայց մաոիզմից հրաժարվելու հետևանքով։

Մեր դեպքում ժողովրդական առաջնորդը ոչ թե ծտերի, այլ ավտոմեքենաների կմախքների հետևից է ընկել։

Մի կողմ թողնելով հարցի բիզնես (ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. Նիկոլ Փաշինյանի արածներն իր դեմ են դուրս գալիս, քանզի սկսել են խոսել այն մասին, որ ավտոմեքենաների «կուզովները» հավաքելու հարցում նա անձնական «քյար» ունի), հոգեբանական ու իրավական կողմերը՝ նկատենք, որ դա քաղաքական յուրօրինակ հիվանդություն է։ Այն կարելի է մաոիզմ կոչել։

Անպետք «կուզովները» հավաքելը վատ բան չէ, բայց երբ դա դառնում է մոլուցք և առանցքային հարց, ու երբ դու դառնում ես «կուզովներ» հավաքող գովազդային գործակալ, դա արդեն լրիվ ուրիշ բան է։ Մաոյի ծիտիկները վկա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել