«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աժ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի թիկնապահի եւ եղբոր քրեական գործը մտավ դատարան: 2019 թվականի օգոստոսի 2-ին`ժամը 12:30֊ի սահմաններում` Երեւան֊Սեւան մայրուղու 15 կմ հատվածում գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձից հետո, ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում քննվող թիվ 20115119 քրեական գործով նշված տարածքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որին մասնակցել է Մարկոս Մարկոսյանը: Նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում` դեպքի վայրի զննության ընթացքում, դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածքից հանցագործության հետքեր կրող «Ռենջ Գովեր» մակնիշի, 555 ԼԼ 05 հաշվառման համարանիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու եւ քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ դեպքի վայրի տարածք է մուտք գործել Ռոբերտ Մանուկյանը:

Ավտոմեքենան տեղափոխելու հարցի վերաբերյալ Ռոբերտ Մանուկյանը վիճաբանության մեջ է մտել քննիչի եւ դեպքի վայրի տարածքի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ եղբոր հիշյալ ավտոմեքենան պետք է տեղափոխի իր նախընտրած տարածք, ապա չենթարկվելով նման վարքագիծը դադարեցնելուն ուղղված` դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանների եւ քննիչի հորդորներին` դեպքի վայրի զննության մասնակից Մարկոս Մարկոսյանին կարգադրել է «Ռենջ Ռովեր» մակնիշի, 555 ԼԼ 05 հաշվառման համարանիշի ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից: Այնուհետեւ, Մարկոս Մարկոսյանը, Ռոբերտ Մանուկյանի դրդմամբ, գիտակցելով, որ դեպքի վայրում գտնվող «Ռենջ Ռովեր» մակնիշի 555 ԼԼ 05 հաշվառման համարանիշի ավտոմեքենան իր վրա կրում է հանցագործության հետքեր, որի հետ կապված իրավապահ մարմինների կողմից արգելվել է առանց թույլտվության հիշյալ ավտոմեքենան դեպքի վայրից տեղափոխելը, գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ միջամտել է քննիչի գործողություններին»:

Մանրաամսները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել