Պետության քաղաքական օրակարգի ձևավորման գործում շատ մեծ է իշխանության դերը: Կախված իշխանության տեսակից, բնույթից, դավանած արժեքներից և ինտելեկտուալ կարողություններից՝ քաղաքական օրակարգը հագենում է համապատասխան դիսկուրսներով:

Հայաստանի արտախորհրդարանական ընդդիմությունը իշխանությանը քննադատում է պետության և հասարակության համար խիստ կարևոր և բովանդակային բազմաթիվ թեմաներով` փորձելով քաղաքական օրակարգը մեքենաների ջարդոնի մակարդակից բարձրացնել ավելի լուրջ բովանդակային ու կարևոր հարթություն:

Իզուր գործ է, քանի որ մեր հեղափոխակարգ իշխանությունները խիստ դիսկոմֆորտ են զգում լուրջ հարցերի շուրջ բանավիճելուց և ուղղակի չեն արձագանքում բովանդակային քննադատություններին, խուլ ու համր են ձևանում, առաջ են տանում իրենց ռաբիս ու բովանդակազուրկ օրակարգը: Սակայն պահը չեն կորցնում պաշտոնյայի կողմից իր ծննդյան 290.000 դրամ հաշիվ փակելու թեման լայն քննարկման նյութ դարձնել` համարելով դա իրենց ինտելեկտուալ կարողություններին և բովանդակությանը համահունչ:

Հարգելիներս, եթե դուք ձեր աչքերն ու ականջները փակում եք և ձև եք տալիս, թե չեք լսում ու տեսնում ձեզ ուղղված քննադատությունները, ապա դա բացարձակ չի նշանակում, որ դրանք լսելի և տեսանելի չեն մեր հանրության համար: Եվ դուք, ուզեք թե չուզեք, մի օր ստիպված եք լինելու զբաղվել Հայաստանի համար իրական կարևորություն ներկայացնող հարցերով և պատասխանել ձեզ ուղղված քննադատություններին:

Այդ ժամանակ դուք իրականում կպարտվեք, քանի որ բովանդակային և խորքային դիսկուրսներում դուք ձեր պրիմիտիվությամբ ուղղակի անելիք չունեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել