ԱԱԾ քննչական ստորաբաժանման քննիչը 2019 թվականի նոյեմբերի 25-ին փորձել է առգրավվել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչը մի քրեական գործի շրջանակներում, որտեղ վերջինս հանդես է եկել որպես վկաների ներկայացուցիչ: Ըստ փաստաբան Հ․ Չամսարյանի հայտարարության՝ համակարգչում առկա են փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկություններ:

Այս առնչությամբ անհրաժեշտ եմ համարում արձանագրել․

1) Փաստաբանի գործունեության երաշխիքները սահմանված են «Փաստաբանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածով, համաձայն որի՝
- Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով:
- Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
- Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:
- Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

2) Փաստաբանը, նրա ընտանիքի անդամները և նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։

3) Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, փաստաբանի տված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն:

4) Փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ և տարածվում է նաև փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցված կամ դադարեցված անձի նկատմամբ:

Ծայրահեղ մտահոգիչ եմ համարում իրավապահ մարմինների կողմից փաստաբան Հովհաննես Չամսարյանի նկատմամբ նախաձեռնված ապօրինի գործողությունները և կոչ եմ անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, Փաստաբանների պալատին և իրավապաշտպան կազմակերպություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի կանխվի և այսուհետ նաև բացառվի փաստաբանների նկատմամբ ապօրինությունների ցանկացած դրսևորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել