Tert.am-ը գրում է.

Հակակոռուպցիոն համակարգի ձևավորման գործընթացը կարելի է համարել ձախողված. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը։ 

«Խնդրի էությունը հետևյալն է՝ մենք ունենք հակակոռուպցիոն մարմինների ձևավորմանը վերաբերող միջազգային փաստաթղթեր, իսկ այդ միջազգային փաստաթղթերում ուղղակի սահմանված է, որ հակակոռուպցիոն մարմինները պետք է ձևավորվեն մրցութային ընթացակարգի հիման վրա, և ունենան հանրային լայն հաշվետվողականություն, պետք է ապահովվի թափանցիկության ապահովության խնդիրն այդ մարմինների ձևավորման գործընթացում»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց հակակոռուպցիոն մարմնի թվով հինգ անդամի։ Մարմնի անդամները կազմված են մեկ ներկայացուցիչ կառավարությունից, մեկական ներկայացուցիչներ ԱԺ երեք խմբակցություններից և մեկը՝ ԲԴԽ-ից։  Կառավարությունից ընտրվեց Լիլիթ Ալեքսանյանը,ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից՝ Էդգար Շաթիրյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից՝ Նարեկ Համբարձումյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ Հայկուհի Հարությունյանը և Բարձրագույն դատական խորհրդից՝ Արամայիս Փաշինյանը։

Տիգրան Խաչիկյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ նման մարմինները ձևավորվեն հանրային լայն վստահության հիման վրա։ Սակայն, նրա խոսքով, հիմա մի իրավիճակ է, երբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է գրեթե նույն ընթացակարգով, ինչ ժամանակին գործող բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։

«Չի ապահովվել այս հանձնաժողովի ձևավորման որևէ նոր սկզբունք, նոր տեսլական, որը համահունչ կլինի կառավարության վերջին տարվա որդեգրած քաղաքականությանը։ Այսինքն, ըստ էության, այս մարմնի ձևավորումը ամբողջությամբ խեղաթյուրում է ՀՀ կառավարության կոռուպցիայի կանխարգելման ոլորտում ստանձնած սկզբունքային քաղաքականության էությունը և առնվազն այս մասով այս պահին կարող ենք արձանագրել, որ անդամների նշանակման փուլի մասով ձախողել ենք»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել