Իտալիայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվ ուղիղ եթերներ մտնելու հետ մեկտեղ երեկ նաև այրված «Նիվա» մակնիշի մեքենայի լուսանկարներն էր հրապարակել և հիշեցրել իր էջի հետևորդներին, որ 15 տարի առաջ այդ օրը հրկիզել կամ պայթեցրել են իր ղեկավարած «ՀԺ» թերթի խմբագրությանը պատկանող այդ մեքենան։

Հանրությունը շատ լավ հիշում է նաև, որ այդ դեպքից հետո պարոն Փաշինյանը սկսեց բացահայտ մեղադրել գործարար Գագիկ Ծառուկյանին այդ ամենի մեջ, իսկ հետո, ինչպես բուռն մեղադրում էր, այդպես էլ «բուռն» լռեց։
Հետաքրքիր է, որ 2012-18 թթ․-ների ընթացքում պատգամավոր Փաշինյանը երբեք չանդրադարձավ այդ դեպքերին և, ի տարբերություն շատ օլիգարխների և քաղաքական գործիչների, որոնց այդ ընթացքում բազմաթիվ հանցագործությունների մեջ էր մեղադրում, ընդհուպ մարդասպանությունների, Ծառուկյանի թեմային ընդհանրապես չէր անդրադառնում։

Պետական մտածելակերպից զուրկ Նիկոլ Փաշինյանը, ով անձնական վրեժխնդրության պատճառով բացահայտ բանտարկում է որոշ քաղաքական գործիչների, իսկ նույն մեղադրանքով անցնողներին ազատության մեջ թողնում, այդ թեմային մինչև հիմա բարձրաձայն չէր անդրադառնում։ Ի՞նչ պատահեց, որ վարչապետ Փաշինյանը, ով անցյալ տարի չհիշեց իր այրված մեքենայի մասին, այս տարի հանկարծ հիշեց։

Որքան կռահում եմ, պարոն Փաշինյանին հովանավորող ուժերին բացարձակ դուր չի եկել ԲՀԿ-ականների և Գագիկ Ծառուկյանի վերջին մոսկովյան այցը և դրանց արդյունքները։ Հատկապես, երբ ԶԼՄ-ներում տեղ գտան հրապարակումներ, ըստ որոնց՝ ռուսները կրկին հասկացրել են, որ Հայաստանում պետք է արմատական ընդդիմություն ձևավորվի, և ամենահարմար ուժն այդ առումով ԲՀԿ-ն է, ում իրենք պատրաստ են աջակցել: Հավելեմ, որ Գագիկ Ծառուկյանը հաճախ է հյուրընկալվում Մոսկվայում, իսկ նրա ղեկավարած ԲՀԿ-ն եղբայրական կապեր ունի ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ։ Ոչ մեկի համար նորություն չէ նաև այն, որ ԲՀԿ-ն եղել է և կա հայաստանյան քաղաքական դաշտում ռուսական վեկտորի ակտիվ կրողներից մեկը։ 2018 թ․-ի, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությունից հետո ռուսական վեկտորի քաղաքական ուժերը Հայաստանում բավական թուլացան, և միակը, ով կարողացավ այդ ուժերից անցնել ԱԺ, ԲՀԿ-ն էր։

Սակայն Փաշինյանի թիկունքում կանգնած ուժերի խնդիրն է վերացնել քաղաքական դաշտում նախկինում գոյություն ունեցող ռուսական վեկտորն առաջ տանող ուժերին և ձևավորել իրենց կողմից վերահսկելի ուժերի, որոնց կողմնորոշումը կլինի իբրև թե Մոսկվան։ Այս ծրագիրն իրագործելով` Փաշինյանին հովանավորող կենտրոնների կարծիքով իրենք կկարողանան ամբողջական վերահսկելի դարձնել հայ-ռուսական հարաբերությունները՝ չզայրացնելով Մոսկվային։ Այդ ծրագիրը կյանքի կոչելով՝ այս պահին իշխանությունները հենց իրենք են փորձում Մոսկվային համոզել, որ իրենցից լավ ռուսամետ քաղաքական ուժ Հայաստանում չկա։ Մոսկվային համոզելու համար էլ այնպիսի «ռուսամետ» քայլեր են կատարում, որ նույնիսկ նախորդները չէին անի։ Օրինակ՝ զինուժ են ուղարկում Սիրիա կամ էլ ԱՄՆ-ի կողմից բացված բիոլաբորատորիաների դռներն են բացում ռուսաստանցի մասնագետների առաջ։ Սակայն այդ քայլերը, որքան հասկանում եմ, այնքան էլ չեն համոզել Մոսկվային Փաշինյանի ռուսամետության մեջ։

Իսկ Հայաստանի իշխանություններն էլ կփորձեն վերջնականապես փլուզել նախորդների օրոք ձևավորված ռուսական վեկտորը ներկայացնող քաղաքական ուժերը։ Գագիկ Ծառուկյանը և նրա ԲՀԿ-ն առաջնայինն են այդ ցուցակում։ Փաշինյանը Ծառուկյանից վրեժխնդիր կլիներ վաղուց, սակայն ԲՀԿ-ին հաջողվեց ներթափանցել ԱԺ, որը խանգարող հանգամանք էր Գագիկ Ծառուկյանի դեմ քայլեր կատարելու համար, և իշխանությունների ծրագրերը հետաձգվեցին։

Սակայն, ըստ էության, Հայաստանի իշխանություններն արդեն համապատասխան հրահանգներ ստացել են Ծառուկյանի և ԲՀԿ-ի դեմ քայլեր ձեռնարկելու առումով։

Հ.Գ. Երեկ վարչապետի կողմից իր facebook-յան էջում հրապարակված 15 տարի առաջ իր այրված մեքենայի լուսանկարներն ավելի խորը՝ աշխարհաքաղաքական մեսիջ էր՝ համեմված անձնական վրեժխնդրության զգացումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել