Թատրոնի ամենակարկառուն ներկայացուցիչ Կարպ Խաչվանքյանն իր դերերով ու դերասանական ապշեցուցիչ խաղով տարիներ շարունակ հիացրել է հայ հանդիսատեսին։ Նրա ամեն դերն ընդմիշտ կմնա հայ թատրոնի  պատմության էջերում։ Առաջարկում ենք ծանոթանալ մեծանուն դերասանի 11 մտքի, որոնք կարծես ջերմացնեն հոգին։ 

1. Այո՛, ես հավատացյալ եմ: Մի մարդ, որի ազգանվան մեջ կան «ԽԱՉ» և «ՎԱՆՔ» բառերը, ինչպե՞ս կարող է հավատացյալ չլինել: 

2. Հավատն ուժ է, հույսը՝ ամենակարող և գեղեցիկ: Չպետք է կորցնել աստվածաշնչյան Սուրբ Երրորդությունը:

3. Ասում են՝ ծիծաղը, խինդը, ուրախությունը «փոր չեն կշտացնում», բայց ինչի՞ կնմանվեին կյանքը, մարդը առանց դրանց:

4. Մենք խինդ ենք պարգևում մարդկանց, որ հացից պակաս կարևոր չէ և հագեցնում է նրա հոգու քաղցը, բարձրացնում է տրամադրությունը, ազնվացնում աշխարհին, մերձավորին ուղղված նրա հայացքը…
Խորին համոզմունքս է, որ մարդուն մարդ դարձնելու պայքարում չկա ավելի զորեղ և միաժամանակ ավելի գրավիչ, հաճելի զենք, քան ծիծաղը:

5. Կյանքում ես մռայլ, անհետաքրքիր մարդ եմ…
Պատկերացրեք, ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ, երբեք սեղանի շուրջ չեմ երգել, արտասանել, խնջույքներին չեմ պարել: Իսկ բեմում այդ ամենը կա: Երբեք իմ դերերից ոչ մի հատված չեմ կատարել:
Ես դերասան եմ, որ միայն բեմի համար է:

6. Եթե ինձ ծափ չտային, ես այդքան չէի հուզվի, այդքան չէի վախենա հանդիսատեսից: Չեմ խուսափում «վախենալ» բառից: Երբ ծափահարում են, նշանակում է՝ քեզ վստահում են, քեզանից պահանջում են հատուկ որակ, հատուկ արվեստի աստիճան, որը պետք է բավարարի: Դու իրավունք չունես անելու այնպես, որ դա հանդիսատեսի դուրը չգա:

7. Դպրոցում սովորել եմ միջակ, վատ, հաճախ եմ «երկուսներ» ստացել: Բայց կներեք, իմ մասին ասում էին…Ուսուցիչներս էին ասում. «Նա կարող է, բայց չի ուզում. շատ ծույլ է»: Եվ ես իրոք չէի ուզում սովորել: Ես ուզում էի միայն թատրոն, ես մտածում էի միայն թատրոնի մասին, իմ միտքն ու ուշքը թատրոնն էին: Եվ, այնուամենայնիվ, դպրոցն ավարտեցի երեքներով, հինգերը՝ ավելի քիչ:

8. Չեմ կարող ասել, որ չար չէի: Բայց չարաճճիությունը դարձյալ կապված էր թատրոնի հետ: Այն կայանում էր նաև նրանում, որ ես և ընկերներս շատ էինք տարված երաժշտությամբ, հատկապես՝ ջազային: Այդ ժամանակ ջազը շատ մոդայիկ էր: 30-ական թվականներն էին, և ջազը համարյա արգելված էր: Իսկ մենք հենց ջազ էինք սիրում և երգում: Ինչ խոսք, մեզ վռնդում էին դասերից, նկատողություն էին անում, իսկ երբ մենք ներկայացումներով ապացուցեցինք, որ բնականորեն տարված էինք թատրոնով, շատ դեպքերում ներում էին և մեզ հետ խիստ չէին վարվում:

9. Ասում են՝ վատ հանդիսատես ունենք: Ըստ իս՝ վատ հանդիսատես չի լինում, լինում է վատ դերասան, վատ ներկայացում: 

10. Ըստ իս՝ թատրոնը, թատերական ներկայացումն առաջին հերթին տոն է: Զվարթության մեջ է թատրոնի ուժը: Մենք պետք է ձգտենք, որ ներկայացումներն առաջին հերթին լինեն ուրախ: Այո՛, ուրախ: Խելամիտ և ուրախ:

11. Վայ այն թատրոնին, որ չունի դերասան: Դերասանի համար պիտի գան թատրոն, տոմսարկղի մոտ պետք է հարցնեն` այսինչը խաղո՞ւմ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել