«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում 2022 թվականից առողջության համապարփակ ապահովագրություն կներդրվի: Այն պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն եւ պաշտպանվածություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծ է շրջանառում: Պարզվում է` նախարարությունում ձեւավորված աշխատանքային խումբը վերլուծել է Հայաստանի առողջապահության համակարգի կառավարման ու ֆինանսավորման առկա իրավիճակը, ներկայացրել գործող պետական պատվերի համակարգում առկա հիմնախնդիրները, որոնք պայմանավորված են բնակչության տարբեր խմբերի համար տարբերվող բժշկական ծառայությունների փաթեթների առկայությամբ:

Ըստ Առողջապահության նախարարության` ֆինանսական մատչելիության ցածր մակարդակը բերել է բժշկական կազմակերպությունների թերի ծանրաբեռնվածությանը, եւ ֆինանսական պատճառներով բնակչության շուրջ 20.1 տոկոսը չի հաճախում առողջության առաջնային պահպանման բժշկի: Բացի այս, բնակչության շուրջ 9 տոկոսի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25 տոկոսը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետեւանքով վերջիններիս շուրջ 6 տոկոսը աղքատանում է, ինչն ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում: Նախագիծը հնարավորություն է տալիս Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հետ կապված հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ նախնական հանրային քննարկումներ սկսելու համար: Ապահովագրության համակարգի ներդրմամբ նախարարությունը հույս ունի, որ հիվանդացության եւ մահացության ցուցանիշները կնվազեն, առողջական խնդիրների հետեւանքով հաշմանդամության դեպքերը կպակասեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել