Իրանի իշխանությունները կփոխհատուցեն մի շարք ընկերությունների կորուստները ինտերնետ-հասանելիության սահմանափակումից, ինչպես նաև կխնդրեն օպերատորներին՝ օգտատերերի համար երկարացնել թրաֆիկի փաթեթների գործողությունը: Այդ մասին նոյեմբերի 22-ին հայտարարել է երկրի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոնին՝ տեղեկացնում է TASS-ը։

«Մենք կարգադրել ենք օպերատորներին՝ երկարացնել ինտերնետ-փաթեթների գործողությունը արգելափակման տևողությանը համապատասխանող ժամանակաշրջանում»,-նրա խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը: Նա հավելել է, որ «ընկերություններին վնասի փոխհատուցումը կիրականացվի կառավարության համապատասխան որոշումից հետո»: «Կարևոր է՝ նախ ստանալ պատճառված վնասի գնահատումը»,- նշել է նա:

Իրանի Անվտանգության խորհուրդը նոյեմբերի 21-ին կարգադրել էր դադարեցնել ինտերնետ-կապի սահմանափակումը երկրի մի շարք տարածաշրջաններում: Այսպես, արգելափակումը չեղարկվում է Խորմոզգանի, Քերմանշահի, Բուշերի, Կումի նահանգներում, Արաք, Մեշհեդ և Թավրիզ քաղաքներում, ինչպես նաև Թեհրանի մի քանի շրջաններում։ Ներկայում Իրանի մայրաքաղաքի շրջանների մեծ մասում ինտերնետ-կապը վերականգնված չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել