Ագնես Գոնջե Բոյաջիուն, ով մարդկությանն առավել հայտնի է Մայր Թերեզա անունով, միանձնուհի է դարձել 18 տարեկանում։ Նրան տեսիլք է հայտնվել, որից հետո հասկացել է, որ առաքելություն ունի մարդկանց օգնելու։ Հենց այդ պատճառով էլ նա ուղևորվել է Հնդկաստան, որտեղ հոսպիս է հիմնել։ Նա բուժում և կերակրում էր հիվանդներին ու թշվառներին։ Քիչ ժամանակ անց նրա անունը հայտնի դարձավ ողջ աշխարհում։ Մայր Թերեզան ծանոթացավ բազմաթիվ հայտնի ու ազդեցիկ մարդկանց, ովքեր չէին զլանում նրան օգնություն ցուցաբերել։

Սակայն նրա հետ աշխատող մարդիկ և ականատեսները մի անգամ չէ, որ ասել են, որ այս կինն այնքան էլ այնպիսին չէր, որպիսին գիտենք մենք։ Նա հրաշալիորեն գիտակցում էր իր նպատակը, և այդ նպատակն ամենևին էլ մարդկանց օգնելը չէր։ Շատերն ասում էին, որ հիվանդները պահվում էին սարսափելի պայմաններում, քնում էին հատակին, ապրում կատարյալ հակասանիտարականության պայմաններում և որպես դեղամիջոց ընդունում միմիայն ասպիրին։ Շատ բիզնեսմեններ Մայր Թերեզայի ենթադրաբար բարի գործերի համար մեծ գումարներ էին նվիրաբերում, սակայն կինը ստացածն ամենևին էլ այդ նպատակով չէր օգտագործում։ Մայր Թերեզան հիվանդներին ցավազրկողներ չէր տալիս, քանի որ կարծում էր, որ առանց դրանց մարդիկ մոտենում են Աստծուն։

Կինը զանգվածաբար կնքել է հիվանդներին՝ անգամ նրանց կարծիքն ու թույլտվությունը չստանալով։ Կամավորներն ապրում էին նույն պայմաններում, ինչպես որ հիվանդները, իսկ աշխատանքի դիմաց ստանում էին սննդի պատառներ։ Շատերն ասում են, որ նվիրաբերված բոլոր գումարները հասել են Վատիկան, ու եկեղեցին հարստացել է միլիոնավոր դոլարներով։ Նրա ֆոնդերը շարունակում են աշխատել մինչ օրս։ Սակայն հարկ է նշել, որ ինքը՝ Մայր Թերեզան, ճանապարհորդում էր միայն բիզնես դասով, անձնական վարորդ ուներ և չէր հրաժարվում աշխարհիկ հաճույքներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել