ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Իրանում ցուցարարներին ակցիաների լուսանկարներ ու տեսանյութեր ուղարկել Պետդեպարտամենտ: Նա նշել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Թեհրանի դեմ՝ ցուցարարների նկատմամբ բռնությունների և հետապնդումների համար:

Պոմպեոն Twitter-ում գրառումը տեղադրել է պարսկերենով: Պետքարտուղարն իրանցիներին կոչ է արել ապացույցներ ուղարկել Telegram մեսենջերի միջոցով:

Բողոքի ցույցերը Իրանի մի շարք քաղաքներում սկսվել են նոյեմբերի 15-ին: Պատճառը բենզինի գների բարձրացումն էր (մոտավորապես 13 ցենտով մեկ լիտրի համար) և վառելիքի վաճառքի սահմանափակումը: Իշխանությունները պնդում են, որ միայն այդպես կարող են լուծվել տնտեսական խնդիրները, այդ թվում՝ ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված:

Սոցցանցերում հրապարակվել են տեսանյութեր, որոնցում արմատական ակտիվիստները այրում են բենզալցակայանների, ֆինանսական հաստատությունների շենքերը և կռվում ոստիկանության աշխատակիցների հետ: Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ ոստիկանությունը ուժ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար: Պաշտոնական տվյալների համաձայն, ցույցերի ընթացքում մեկ մարդ է զոհվել: Ակտիվիստները հաղորդել են մի քանի տասնյակ զոհերի և վիրավորների մասին: Բողոքի ցույցերի արդյունքում Իրանի իշխանությունները արգելափակել են ինտերնետը և բջջային հաղորդակցությունը երկրում:

Թեհրանը ցույցերի կազմակերպման մեջ մեղադրել է Միացյալ Նահանգներին և Իսրայելին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել