Tert.am-ը գրում է.

Մանկավարժությունը գործ ունի երեխայի հետ, իսկ հոգևոր կրթությունը, մշակույթի փոխանցումը դպրոցի խնդիրն է, բայց մեր դպրոցներում այսօր անհոգի կրթություն է, այն կապ չունի մեր մշակույթի հետ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

«Ժամանակին մեր մեծերը՝ Գարեգին Սրվանձտյանցը և մյուսները, երազում էին, որ ստեղծվի հանրային դպրոց: Հիմա պետությունը կա, բայց տեսեք՝ ինչ դժգոհություն կա, քանի որ դպրոցն ընդամենը շենք է, իսկ բովանդակությունն ուղղված չէ մարդուն»,– ասել է նա:

Ըստ Բլեյանի՝ ընտանիքը պետք է մասնակցի կրթական պատվերի կատարմանը, և դպրոցն առանց հանրային, ընտանեկան աջակցության աշխատելու է ոչ թե բաց, այլ փակ հասարակության համար. «Մեր կրթությունն այսօր անպատվիրատու է, իներցիոն, միտված անցյալին, բայց ոչ ինքնությանը՝ առանց ապագայի: Գործում է խորհրդային դպրոցի իներցիան, այն դեպքում, երբ այդ հանրությունն արդեն 30 տարի է՝ չկա: Ծնողի և երեխայի դպրոցները շատ տարբեր են»:

Աշոտ Բլեյանի կարծիքով՝ պետությունը տասնյակ հազարավոր անձանց տվել է ուսուցչի որակավորում, բայց հանրակրթության նկատմամբ վստահություն չկա. «Ուսումնական ծրագրի հեղինակը պետք է լինի փորձառու և համարձակ ուսուցիչը: Պետությունն ունի հանրակրթություն ապահովելու պարտավորություն, տրամադրում է շինություններ, հողամաս, ֆինանսավորում է իբրև հիմնադիր, բայց ինչո՞ւ է մտնում բովանդակության մեջ, բա այդ դեպքում մասնագետն ի՞նչ որոշի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել