168.am-ը գրում է․

168 TV «Ռեվյու» հաղորդման հյուրը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն է

– Պարո՛ն Գորգիսյան, Զագրեբում Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը,  անդրադարձավ Արցախյան հիմնախնդրին և նշեց, որ Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլն իր մոտ մտահոգություններ է առաջացնում: Որպես ԱԺ  Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ՝ ի՞նչ կասեք Երրորդ նախագահի մտահոգությունների վերաբերյալ, ի՞նչ փուլում է բանակցային գործընթացը։

– Զարմանում եմ, որ  պարոն Սարգսյանն այդ մասին խոսում է, որովհետև իր ղեկավարած բանակցային գործընթացները մեզ բերեցին Ապրիլյան պատերազմ, որը քննող հանձնաժողով է ստեղծվել, և այնտեղ բազմաթիվ խնդիրներ են բացահայտվում, որոնց չլինելու պարագայում, մենք կարող է ունենայիք ավելի քիչ զոհեր,  չկորցնեինք տարածքներ։

– Դուք Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ եք. այդ հանձնաժողովը ստեղծվեց 6 ամսով, 6-ից արդեն 5 ամիսը գրեթե անցել է, ի՞նչ հասցրեցիք պարզել Ապրիլյան պատերազմի հետ կապված։

– Եղել են բազմաթիվ բացթողումներ, և մենք հիմա փորձում ենք հասկանալ, թե ում կողմից են դրանք եղել։ Հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանն ասելիք կունենա՝ որպես գլխավոր գերագույն հրամանատար։

– Իսկ ե՞րբ են նրան հրավիրելու հանձնաժողով։

– Ժամկետներ հայտնի չեն դեռ։

– Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ այն պայմանավորված էր. եթե Ձեր հանձնաժողովը աշխատանքների ավարտին հայտարարի՝ Ապրիլյան պատերազմը պայմանավորված չէր, ի՞նչ կստացվի։

 Կստացվի, որ պարոն Փաշինյանը հերթական մանիպուլյատիվ հայտարարությունն էր անում, ինչպես նա սիրում է անել։ Ընդդիմադիր պարոն Փաշինյանի և վարչապետ պարոն Փաշինյանի հայտարարությունները շատ հաճախ իրար չեն համապատասխանում, և ես զարմանում եմ, որ զարմանում եք դրանից։

– Ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի տված այլ հայտարարություններն ու խոստումները վարչապետ Փաշինյանի պարագայում իրականություն չե՞ն դառնում։

– Այո՛, չեն դառնում, և դա այն թիրախներից մեկն է, որին մենք անընդհատ խփում ենք. չի կարելի այդպես շարունակել։ Սկսած կառավարության կառուցվածքը փոխելուց՝ վերջացրած անցումային արդարադատություն անելը, իրականություն չդարձավ։ Հեղափոխությունը քաղաքացիների մոտ ստեղծել է բարձր սպասումներ, որ հիմա ամեն ինչ փոխվելու է, և այդ սպասումները եղել են այդ խոստումներով՝ կարմիր գծերի, արագաչափերի վերացում, սուպերվարչապետական համակարգից հրաժարում։ Բայց եթե այդ ամենը չի արվում, դա քաղաքացիների մոտ առաջացնում է հիասթափություն։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել