Առանձին երկրների հովանավորչությունից և դրանով պայմանավորված միջազգային առևտրատնտեսական վեճերից համաշխարհային ՀՆԱ-ի կորուստները մինչև 2020 թվականը կկազմեն շուրջ 700 մլրդ դոլար: Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիեվան՝ ելույթ ունենալով աշխարհի առաջատար կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ չորրորդ կլոր սեղանի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Համաշխարհային տնտեսության աճը 2019 թվականին, ինչպես սպասվում է, կկազմի միայն 3 տոկոս. դա նվազագույն դինամիկան է վերջին տասնամյակի ընթացքում,- նշել Է նա:- Հանգուցային գործոն են դարձել առևտրական հակասությունները, որոնք անորոշության ուժեղացման են բերել միջազգային ասպարեզում: Ըստ մեր գնահատումների, մինչև 2020 թվականը գլոբալ ՀՆԱ-ի կորուստները կկազմեն 700 մլրդ դոլար, ինչը կազմում է մոլորակի համախառն արտադրանքի 0,8 տոկոսը»:

Գեորգիեվայի խոսքով՝ նման պայմաններում խիստ հրատապ է դառնում բազմակողմ արդյունավետ համագործակցության նոր մեթոդներ գտնելու խնդիրը մի ամբողջ շարք ուղղություններով՝ բնապահպանությունից և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարից մինչև ֆինանսական ու ֆիսկալ քաղաքականություն:

Պեկինում կայացած կլոր սեղանի մասնակիցների թվում եղել են Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը, Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասը, Առևտրի համաշխարհային կաազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Ալան Վուլֆը, Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղար Անխել Գուրիան և Ֆինանսական կայունության խորհրդի նախագահ Ռենդալ Քուոռլզը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել