ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը մարդկային գործոնի արդյունք է համարում «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գաբրիելյանն ասաց նոյեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում:

«Այն, որ մարդկային գործոնի արդյունք է, դա միանշանակ է: Այսինքն` տեխնիկական առումով կարող է, օրինակ` լարերը ոչ ճիշտ միացված լինեն, հրդեհային անվտանգության կանոններն ապահովված չլինեն, և դրանից առաջանա: Հիմա ակտիվ հրդեհաշիջման փուլն է, քիչ հետո կհայտարարվի կրակի մեկուսացում, դրանից հետո կշարունակվեն հրդեհաշիջման աշխատանքները, ակտիվ հանգեցման աշխատանքներ կտարվեն և հրդեհը կավարտվի: Ամբողջ տարածքը 500 քմ է, որից 50-ն այրվել էր մինչև մեր ժամանելը, և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ևս 200-ն այրվեց: Բոլոր կառուցատարրերը փայտյա են, շենքը հին է, ինչը դժվարացնում է աշխատանքների իրականացումը: Ուժերը, ջրի մատակարարումը բավարար է հրդեհը մարելու համար: Աշխատել ենք այնպես անել, որ տանիքից հրդեհը չտարածվի դեպի մյուս հարկեր»,- ասաց Գաբրիելյանը:

Այսօր ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում հրդեհ է բռնկվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել