168.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը սխալ քաղաքականություն է վարում Ռուսաստանի, Չինաստանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ: Նոյեմբերի 20-ին այդ տեսակետը նա շարադրել է Ատլանտայում (Ջորջիայի նահանգ) կայացած համազգային հեռուստաբանավեճերում, որոնք հեռարձակել է MSNBC հեռուստաալիքը։

Բայդենի խոսքով՝ Թրամփը «պատկերացում չունի, թե ինչ է անում» արտաքին քաղաքականության ոլորտում: Նախկին փոխնախագահի վարկածով՝ Ռուսաստանի ղեկավարությունը «գործադրում է բոլոր ջանքերը՝ ՆԱՏՕ-ն պառակտելու համար», իսկ Թրամփը չի հակազդում դրան:

Ինչպես պնդել է Բայդենը, Թրամփը, հանդիպելով ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ, «Հյուսիսային Կորեային տվեց ամենն, ինչ նա ցանկանում էր»:

ԱՄՆ-ի նախագահի քաղաքականությունը, նախկին փոխնախագահի կարծիքով, հանգեցրել է Վաշինգտոնի եւ Սեուլի միջեւ կապերի լուրջ թուլացման: Ինչպես նշել է Բայդենը, ԱՄՆ-ն դաշնակիցների հետ մեկտեղ պետք է «ճնշում գործադրի Չինաստանի վրա», որպեսզի նրանից օգնության հասնի Կորեական թերակղզու միջուկազերծման գործում: Բայդենն այժմ համարվում է 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից Թրամփի առավել հավանական մրցակիցներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել