Բրիտանացին կարող էր մահանալ փետուրե ծածկոցի պատճառով. ալերգիան թոքերի լուրջ վնասվածք էր առաջացրել, սակայն բժիշկներին հաջողվել է ժամանակին ճիշտ ախտորոշում անել և փրկել տղամարդուն: Դեպքը նկարագրված է BMJ Case Reports ամսագրում:

43-ամյա չծխող տղամարդը դիմել է բժշկի՝ դժգոհելով շնչարգելությունից և մշտական հոգնածությունից, որոնք նրան տանջում էին վերջին մի քանի ամիսների ընթացքում: Ախտանիշները ցույց էին տալիս ստորին շնչուղիների վարակվածություն: Բուժումից հետո նրա վիճակը բարելավվել է, բայց որոշ ժամանակ անց տղամարդու ինքնազգացողությունը կրկին վատացել է: Մի քանի ամիս անց նա այլևս չէր կարող կանգնել նույնիսկ մի քանի րոպեից ավելի երկար:

Արյան հետազոտությունը և կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը նորմայից ոչ մի շեղում ցույց չէին տալիս: Այնուհետև բժիշկները նրան լրացուցիչ հետազոտության են ուղարկել շնչառական հիվանդությունների բուժման մեջ մասնագիտացած կլինիկա: Այնտեղ պարզել են, որ վերջերս հիվանդը սինթետիկ վերմակը փոխարինել է փետուրե ծածկոցով:

Ալերգենների վերլուծությունը ցույց է տվել հակամարմինների չափազանց բարձր մակարդակ՝ թռչունների օրգանիզմում արտադրվող որոշ սպիտակուցների նկատմամբ:

Հետագա հետազոտությամբ տղամարդու մոտ էկզոգեն ալերգիկ ալվեոլիտ է ախտորոշվել:

Փետուրե ծածկոցից հրաժարվելուց և ստերոիդներով բուժումից հետո հիվանդի վիճակը զգալիորեն բարելավվել է: Սակայն, նա լիովին ապաքինվել է միայն վեց ամիս անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել