168.am-ը գրում է․

«Եթե Ձեզ հետաքրքրում է այն հարցը՝ դրանք արդարացվա՞ծ ծախսեր են, թե՞ չէ, ի սկզբանե ասեմ, որ շոու-բիզնեսի մեջ տեխնիկայի վրա ծախսերը ծախս չեն, ներդրում են, որ այդ բիզնեսն ավելի լավ աշխատի: Եվ Ձեր ասած գումարը նման մասշտաբի շենքի համար, կարծում եմ, չնչին բան է»,- խոսելով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՊՈԱԿ-ին անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակով հատկացվող գումարի մասին, 168.am-ի հետ զրույցում ասաց երգահան, «Արձագանք» խմբի համահիմնադիր Եղիշե Պետրոսյանը, որը 2019 թվականի հունվարին պայքարում էր Մարզահամերգային համալիրի տնօրենի թափուր պաշտոնի համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, Կառավարությունը ցանկանում է 401 մլն դրամ հատկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՊՈԱԿ-ին՝ անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակով: Այդ գումարով նախատեսվում է գնել լուսադիոդային լուսատուներ, սահադաշտի վերազինման համար սառնարանային սարքերի կոմպրեսորներ ու սարքավորումներ, ինչպես նաև ձեռք բերել երաժշտական գործիք (ռոյալ):

Եղիշե Պետրոսյանը վստահ է, որ այս գումարը չի բավարարի համալիրը վերազնելու պահանջներին:

«2006 թվականին էր, կարծեմ, որ վերջին անգամ համալիրի վրա ներդրում են արել, այդ տեխնիկան բավականին հնամաշ է և փոխելու կարիք կա: Այդ գումարը չի բավարարի, որպեսզի այդ շենքը լիաթոք շնչի»,- ասաց Եղիշե Պետրոսյանը:

Երգահանը վստահ է, որ այս ծախսը հնարավորություն է տալու հայ ունկնդրին լավ ձայն լսելու, իսկ հանդիսատեսին՝ գեղեցիկ լուսավորության պայմաններում շոուներ դիտելու: «Եթե կա այդ հնարավորությունը, ինչո՞ւ չօգտագործել: Դա ներդրում է, սառցադաշտը պետք է, չէ՞»,- ասում է նա:

Եղիշե Պետրոսյանի խոսքով՝ այս քայլը հնարավորություն կտա, որ Հայաստանում լինեն մասնագետներ ու անհրաժեշտ տեխնիկա, և արտերկրից մասնագետներ ու տեխնիկա չբերվեն:

2005 թվականին, երբ Մարզահամերգային համալիրը վաճառվեց  ռուսական BAMO հոլդինգ ընկերությանը, կառավարությունը համալիրի անվանումը չփոխելու և  համալիրի ֆունկցիոնալ իմաստը պահպանելու պահանջ էր դրել: Կազմակերպությունը համաձայնել էր այդ պայմաններին և դրան հաջորդող 3 տարիների ընթացքում նախատեսել էր շուրջ 10 մլն դոլարի ներդրում կատարել:

Վերանորոգման գործընթացը գրեթե երեք տարի է տևել, և դրա արժեքը մեծացել է՝ մինչև 42 միլիոն դոլար՝ դրանով իսկ համալիրը դարձնելով ժամանակակից և բարձր մակարդակի սպորտային և համերգային արենա:

«Եթե անգամ 1 բազմոց եք առել, արդեն դատապարտվա՞ծ եք ամբողջ կյանքը թոռներով, ծոռներով այդ բազմոցի վրա նստելու: Միգուցե ինչ-որ բաների վերանորոգման հարց է առաջանում, ինչ-որ բաներ փոխելու: Տեխնոլոգիան փոխվում է, որովհետև փոխվում է մեր ունկնդրի պահանջը»,- ասաց երգահան Եղիշե Պետրոսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել