168.am-ը գրում է.

Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 17-ին ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի մասին, որին, ըստ մամուլի հրապարակումների, անձամբ մասնակից էր եղել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ հեղափոխությամբ պաշտոնը ստանձնած մարզպետը ստիպված եղավ հրաժարական տալ պաշտոնից՝ սպային դաժան ծեծի ենթարկելուց հետո:

Սպայի ընկերներն ու հարազատները պնդում էին, որ մարզպետը նույնպես մասնակցել է այդ միջադեպին: Նշենք, որ դեպքից հետո տևական ժամանակ Արա Մխիթարյանը գտնվում էր կոմայի մեջ: Լրատվամիջոցների հետ զրույցներում նրա ընկերներն ու հարազատները, դեպքից իրազեկ աղբյուրներն ասում էին՝ «մինչ բժիշկները պայքարում են Արա Մխիթարյանի կյանքը փրկելու համար, մարզպետին փորձում են փրկել, մաքրել նրա անունը և լուրեր տարածել, թե միջադեպին Տրդատ Սարգսյանը ներկա չի եղել, սուտ է, որ մարզպետը միջադեպի մասնակից է»:

«Տ.Սարգսյանի ցուցմունքում նշված հանգամանքները հաստատվել են նաև վերջինիս բջջային հեռախոսահամարից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով: Այսպիսով, կատարված քննությամբ պարզվել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության իսկությանը, սակայն, տուժողի իրավահաջորդները չեն հավատում:

Ըստ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան, փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանի՝ Քննչական կոմիտեն վկայակոչել է տեսախցիկների տեսագրությունը, թե իբր Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դուրս չի եկել տանից ու չէր կարող ներկա լինել դեպքի վայրում, սակայն դա այդպես չէ:

«Տեսախցիկներով երևում է, որ նախկին մարզպետը ժամը 22:00-ի սահմաններում մտավ իր բնակության վայրի շենքի մուտքից ներս: Հետո լույսն անջատվում է, ու մթության պատճառով չի երևում, թե էլ ո՞վ գնաց, ո՞վ եկավ: Այդ թվում՝ չի երևում նաև, թե Տրդատ Սարգսյանը դուրս եկա՞վ շենքից, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆայել Ամիրխանյանը:

Վերջինս նշում է, որ իրենք ունեն 4 վկա, որոնք նաև ներկա են եղել դեպքին, և ուղղակիորեն մարդիկ ասում են, որ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել դեպքին, ու նաև իրենք դեպքի վայրում զրուցել են նրա հետ:

Մեր այն հարցին, թե վկաներն արդյո՞ք հիմա էլ են պնդում, որ Վայոց ձորի նախկին մարզպետը ներկա է եղել դեպքի վայրում, Ռաֆայել Ամիրխանյանն ասաց, որ վկաները դա նաև պնդել են Տրդատ Սարգսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ

«Մենք նախաքննական մարմնի այդ հաղորդագրության հետ կապված որևէ որոշում չենք ստացել: Երբ կստանանք, մենք այդ որոշումը, բնականաբար, կբողոքարկենք, որովհետև ապացուցված է հակառակը, այլ ոչ թե նախաքննական մարմնի դիրքորոշումն է ճիշտը»,- նկատեց պաշտպանը:

Հարցին, թե ՔԿ-ն փաստորեն այս հաղորդագրությամբ փորձում է փրկե՞լ Տրդատ Սարգսյանին, Ռաֆայել Ամիրխանյանն արձագանքեց՝ «Իսկ դրան ուրիշ բացատրություն կա՞»:

Պաշտպանը պատասխան չուներ այն հարցին, թե ինչո՞ւ է, ըստ իրեն, ՔԿ-ն շահագրգռված, որ այս հանցագործությունը մինչև վերջ չբացահայտվի:

«Քննչական մարմինը նման շտապողականություն ցուցաբերելու փոխարեն՝ թող բարի լինի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ նախաքննություն ապահովի, բոլոր մեղավորներին հայտնաբերի և պատժի, որովհետև Եղեգնաձորը փոքր տեղ է, և դժվար չի լինի բոլորին հայտնաբերել»,- նկատեց տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանը:

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ Ռաֆայել Ամիրխանյանն ասաց, որ առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

«Արա Մխիթարյանն արհեստական շնչառության պայմաններում է պահվում, և որևէ դրական դինամիկա այս պահի դրությամբ չկա»,- եզրափակեց Ռաֆայել Ամիրխանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել