168.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գտնում է, որ Եվրամիությունն ի զորու էպաշտպանել Եվրոպան: Համապատասխան կարծիքը նա հայտնել է նոյեմբերի 20-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում։

«Այսօր ես կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ն ուժեղ է, օպերատիվ եւ կենսականորեն կարեւոր մեր անվտանգության համար»,-նշել է Ստոլտենբերգը: «Եվրոպական դաշինքը չի կարող փոխարինել անդրատլանյան դաշինքին,-հավաստիացրել է նա:- ԵՄ-ն կարեւոր է, բայց չի կարողանա պաշտպանել Եվրոպան»:
Նրա կարծիքով, «Հյուսիսային Ամերիկայից Եվրոպան հեռացնելու ցանկացած փորձ ոչ միայն կթուլացնի ՆԱՏՕ-ն, այլեւ կպառակտի Եվրոպան»: «Դաշինքը խաղաղությունը պահպանել եւ հակամարտություններից խուսափել է 70 տարի: Եվ մենք շարունակելու ենք դա անել դեռ շատ տասնամյակներ»,-հավելել է Ստոլտենբերգը:

Նոյեմբերի 19-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկելու է դաշինքի «ուղեղի մահվան» վերաբերյալ նրա հայտարարությունը, ինչպես նաեւ կազմակերպությանը փոխարինելու Եվրամիության անկարողությունը:

«Ես հաջորդ շաբաթ մեկնում եմ Փարիզ՝ հանդիպելու նախագահ Մակրոնի հետ: Եվ ես նրա հետ քննարկելու եմ դա (Մակրոնի կողմից արված քննադատությունը), խոսելու եմ այն մասին, որ ՆԱՏՕ-ն օպերատիվ կերպով արձագանքում է մարտահրավերներին,-ասել է նա:-Եվրամիությունը չի կարողանա փոխարինել ՆԱՏՕ-ին: Հարկավոր է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Հատկապես Brexit-ից հետո ԵՄ-ն չի կարողանա պաշտպանել Եվրոպան, որովհետեւ ներդրումների 80 տոկոսը լինելու է ոչ ԵՄ-ից: Ամենագլխավորը, որը մենք կարող ենք տալ Եվրոպային, միջուկային զսպումն է»:

Մակրոնը The Economist հանդեսին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ամբողջովին կորցրել է կոորդինացումը միության ներսում եւ գտնվում Է «ուղեղի մահվան» վիճակում: Ֆրանսիայի նախագահը նաեւ նշել է, թե այնհրաժշտ է, որ Եվրոպան սկսի իր մասին մտածել որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական ուժի, այլապես նա «չի տնօրինի իր ճակատագիրը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել