Հյուսիսային համալսարանի ուսանողները դասադուլ են անում և միացել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին։

Իսկ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը նախարարության դիմաց։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Հիշեցնենք նաև, որ նախազգուշական գործադուլ էին սկսել նաև ԵՊՀ դասախոսներից շատերը։ Նրանք նշում են, որ չեն պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, սակայն դեմ են ԿԳՄՍՆ այն օրինագծին, որով «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դառնում են ոչ պարտադիր։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, որ, ի նշան «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի դեմ բողոքի, նոյեմբերի 6-ից դասադուլ էին անցկացնում, այսօր` նոյեմբերի 20-ին, հավաքվել են ֆակուլտետի մասնաշենքում, որտեղից պատրաստվում են երթ անցկացնել դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք: Նրանք այնտեղ ռեկտորի ԺՊ-ին ու գիտական խորհրդի անդամներին դիմում-նամակներ կփոխանցեն, որոնց բովանդակությունը կհրապարակեն ավելի ուշ: Այնուհետեւ ուսանողները 3 օրով կդադարեցնեն դասադուլը: Իրենց դիմումների վերաբերյալ արձագանք ստանալուց հետո դասադուլի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն:

Հիշեցնենք, որ վիճահարույց օրինագծով առաջարկվում է «հայոց լեզու», «հայ գրականություն», «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել ոչ պարտադիր: Դասախոսները միացել էին ուսանողների բողոքին, իսկ երկու օր առաջ իրենց բողոքների շուրջ քննարկում ունեցել նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Միաժամանակ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ՀՅԴ երիտասարդական միության անդամները շարունակում են նստացույցը նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել