Ֆրանսիայում հանձնել են Կաննի առաջին միջազգային կինոփառատոնի պարգեւները, որը 1939 թվականին չկայացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Օռլեանում՝ 1936 թվականից մինչեւ 1939 թվականը Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Զեի հայրենի քաղաքում, որն առաջին կինոստուգատեսի նախաձեռնողն էր։

Ժան Զեի անվան գլխավոր պարգեւին է արժանացել ամերիկացի կինոռեժիսոր Ֆրենկ Կապրայի «Պարոն Սմիթը մեկնում է Վաշինգտոն» (Mr. Smith Goes to Washington) ֆիլմը: Ամերիկացի դերասան Ջեյմս Ստյուարտը (1908 – 1997), որն այդ կինոժապավենում մարմնավորել է գլխավոր հերոսին, ճանաչվել է լավագույն դերասան: Այդ կոչումը նա բաժանել է ֆրանսիացի դերասան Հարրի Բորի հետ, որը խաղացել է «Մարդը Նիգերից»(L՚homme du Niger) ֆիլմում: Կինոփառատոնի ժյուրիի մրցանակով է նշվել ֆրանսիացի ռեժիսոր Քրիստան Ժակի (1904 – 1994) «Հրեշտակների դժոխքը» (L՚Enfer des anges): «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթող է ճանաչվել ամերիկացի ռեժիսոր եւ գրող Գարսոն Կանինը (1912 – 1999) «Միայնակ մայրը» (Bachelor Mother) կինոնկարի համար: Ժյուրին լավագույն դերասանուհի է ճանաչել ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մարինա Լադինինային (1908 – 2003) Իվան Պիրեւի «Տրակտորիստները» գեղարվեստական երաժշտական ֆիլմում նրա խաղացած դերի համար:

Ժյուրիի հատուկ մրցանակով է նշվել ռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնի (1898 – 1948) «Ալեքսանդր Նեւսկի» կինոժապավենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել